ՔՊ-ն չի դիմի ՍԴ ընդդիմադիրների «հարցով»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությամբ։ Այս մասին ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ինչու՝ միահամուռ հարցը Ռուբինյանին դուր եկավ, ու նա նշեց «մի քանի պատճառներից» երկուսը։
«Նախ՝ արձանագրենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված։ Երկրորդը՝ մեր քաղաքական հավատանքի մեջ է մտնում նաև հարգանքը՝ առ ժողովրդի տված քվեն։ Մենք հարգում ենք ժողովրդի բոլոր ներկայացուցիչների տված քվեն»,- ասաց Ռուբինյանը, միաժամանակ քար նետելով փոքրամասնություն ընտրողների այգին, ասելով՝ «կարծում եմ, մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»։
ՔՊ-ն ոչինչ օրակարգ չի բերել, դա տեխնիկական հարց է, որ ավտոմատ կերպով գալիս է ԱԺ խորհրդի տիրույթ՝ անընդհատ պնդում էր Ռուբինյանը, անտեսելով լրագրողների հարցերն ու հիշեցումները, որ՝ իսկ ինչու ետքայլ արվեց ՍԴ դիմելուց։
Հետագա պարզաբանումից երևաց, որ ՔՊ-ն որոշել է դաստիարակել ընդդիմադիրներին, որ «չկարողանան փախչել», գլուխները կախ գնան ԱԺ, և չկարողանան կրկնել այն ամենը, ինչ ասել են փողոցներում՝ ՔՊ-ին, չկարողանան նայել ՔՊ-ի աչքերին...։
Ավելին՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 14-ին ԱԺ խորհուրդը նիստում կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը
- ԱԺ խորհուրդն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով կդիմի ՍԴ
- Ակցիայի մասնակիցները գրիչներ թողեցին ՍԴ դիմաց, վարունգներ՝ նախագահականի
- Արտակ Զաքարյան. ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն