129 հա մակերեսով նոր թաղամասը կառուցվում է հաղթանակցիների առողջության հաշվին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում երեկոյան ժամերին փոշու հսկա ամպերն են կուտակվում։ Շնչելը, զբոսնելը, բակում նստելը, խաղալը դարձել են անհնար։
Հարևան վարչական շրջանում՝ Աջափնյակում մոտ 129 հա տարածք զբաղեցնող նոր թաղամասի կառուցման համար իրենց առողջությամբ վճարում են հաղթանակցիները։ Նոր ստեղծվելիք թաղամասում ակտիվ փորում են առանց հողը խոնավեցնելու, չկան տեղադրված թիթեղներ կամ փոշու դեմն առնող պարիսպներ։
«Երեկոյան ժամերին տնից դուրս գալ չի լինում։ Քամին հսկայական փոշու ամպեր է բերում։ Օդում ավազ է։ Էս շոգին պատուհանները փակում ենք, շոգից ենք խեղդվում, բացում ենք, փոշուց ենք խեղդվում։ Օրը 3-4 անգամ տուն ենք մաքրում, կահույքը փոշու մեջ կորած է։ Ինչ-որ մեկի բիզնեսի համար պետության անգործության պայմաններում վճարում ենք թե մեր առողջությամբ, թե մեր կրած վնասներով, փչանում է կահույքը, տները մաքրելու համար ավելի շատ լույս, ջուր, ժամանակ ենք օգտագործում»,-ասում է բնակիչներից մեկը։
Բողոքն ու դժգոհությունը տեղ հասցնելու համար հաղթանակցիները երեկու օր առաջ փակել էին նորակառույց Հյուսիս-Հարավ մայրուղին, որին հարակից տարածքում՝ Տիչինայի փողոց հ.320 և հ. 322 հասցեներում կառուցվում է թաղամասը։ Ճանապարհը քիչ անց բացվեց, բայց դրանից հետո էլ փոշին շարունակվում է թափվել Հաղթանակի գլխին։
Շրջակա միջավայրի տեսչական մարմնից ասացին՝ ահազանգը ստացել են, շատ բան չունեն ասելու։
«Խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, գործառույթների շրջանակում կուսումնասիրվի։ Ավարտից հետո նոր տեղեկատվություն կտրամադրվի»,-Panorama.am-ին ասացին տեսչական մարմնի իրազեկման բաժնից։
Թե ինչքան կուսումնասիրեն, հայտնի չէ։ Մինչ այդ թաղամասի ու հարակից փողոցների բնակիչները դեռ պետք է շնչեն փոշով լի օդը։
Երևանի քաղաքապետարանն էլ ահազանգ ստացել է։ Վերահսկողություն իրականացնելն իրենց գործառույթների մեջ չի մտնում։
«Երևանի նորագույն պատմության մեջ նման ծավալի շինարարություն չի եղել։ Զրոյից նոր մեծ թաղամաս է կառուցվում։ Փոշու տարածումը կանխելու, բնակչության աողջությունը չվնասելու համար հիմա կառուցապատողի հետ տեխնիկական լուծումներ գտնելու փուլն է։ Եթե շենք է կառուցվում, կառուցապատողը աշխատանքերի ընթացքում պետք է ջրի տարածքը, որպեսզի փոշի չբարձրանա, բայց այս տարածքը շատ մեծ է։ Փորձում են հասկանալ, թե ոնց պետք է արվի»,-Panorama.am-ին ասացին քաղաքապետարանից։
Նախագծման թույլտվությունը «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ին տրամադրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 2021 թվականի փետրվարի 18-ին։ Դրա հիման վրա տրվել է 64 շինթույլտվություն։
Թաղամասի ընդհանուր մակերեսը մոտ 129 հա է։ Ըստ թույլտվության, նախատեսված է կառուցել բազմաբնակարան շենքային համալիրներ՝ 10-24 հարկանի շենքերով, դպրոցներ, մանկապարտեզներ, ստեղծել անտառային պուրակ։
Սա նշանակում է, որ տարածքում տարիներ շարունակ շինարարական ակտիվ աշխատանքներ են իրականացվելու։ Եթե խնդիրը չլուծվի, հարակից թաղամասում ապրողները ձեռք են բերելու տարբեր հիվանդություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին