Երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան, Փաշինյանի հրամանով՝ համարվում եմ անցանկալի անձ․ Մուրադ Փափազյան
«Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ինձ արգելվել է մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում հայտարարվել եմ անցանկալի անձ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Նա նշել է, որ ոստիկանությունն իրեն ուղեկցել է դեպի վերադարձի օդանավ, երբ նոր էր հասել Երեւան, որտեղ իր մուտքը կասեցվեց և անձնագիրն առգրավվեց:
«Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է, և հիմա իմացա նաև, որ արգելված է Փաշինյանի Հայաստան…
Հայաստանի, հայության ու Հայ Դատի համար 40 տարվա պայքարից հետո նման վերաբերմունքի «արժանանալը» ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը հավելյալ փաստ է, որ նա իրեն տրված պատասխանատության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է, երբ իր ոստիկանությունից պահանջում է Հայ Դատի գործչին վտարել, բայց պատկերացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Էրդողանի եւ Ալիեւի դիմաց: Ուշ կամ շուտ Հայաստանի ժողովուրդը պիտի համոզվի, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարից, որ ամեն ճիգ գործադրում է Հայաստանը թուլացնելու համար: Սփյուռքը նույնպես հասկանում է: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ կա՛նգ առ»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սփյուռքի գերագույն հանձնակատարը տկարացնում է ֆրանսահայ համայնքը. Մուրադ Փափազյան
- Մակրոնը միայն հայկական Արցախ կարող է գալ. Մուրադ Փափազյան