Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ամենևին չի նշանակում Էրդողանի դրական մոտեցումները Հայաստանի հանդեպ. Ռուբեն Մելքոնյան
«Թուրքական նախապայմանները որևէ կերպ չեն փոխվել։ Այն նախապայմանները, որոնք 30 տարի դրված են եղել Հայաստանի առջև, այդ նույն նախապայմանները շարունակում են գոյություն ունենալ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին։
Նրա խոսքով, իմիտացիոն տարբեր քայլեր են արվում, ներկայացվում են իբրև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ինչ-որ գործընթացներ՝ սահմանների բացում երրորդ երկրների քաղաքացիների համար, հենց այդ վերջին հեռախոսազրույցը, տարբեր փոքր բաներ։
«Կարելի է կանխատեսել, որ նմանատիպ իրադարձությունները, նման ոճի դրական մեսիջները կարող են շարունակական լինել»,- ասաց թուրքագետը։
Ռ.Մելքոնյանը հիշեցրեց երկու կարևոր զարգացում. «Թուրքական կողմն էլ, հատկապես հայկական, դեռ ամիսներ առաջ ասացին՝ ստանում են փոխադարձ դրական մեսիջներ։ Այն, ինչ տեսնում ենք հիմա, դեռ այդ դրական մեսիջների տեսանելի կողմն է, երկրորդ՝ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Հայաստանի վարչապետն ուզում է իր հետ խոսել, պետք է անի որոշակի քայլեր։ Ենթադրում եմ, եթե այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, ուրեմն հայ-թուրքական պրոցեսի խորքային զարգացումներն ինչ-որ փուլեր անցել են, բայց դրանք ամենևին կապ չունեն հայկական շահի հետ»։
Նրա խոսքով, այս ամբողջը, կարող են ասել, ստեղծում է տպավորություն պրոցեսի դրական ընթացքի մասին, բայց բոլոր մասնագետները, ովքեր ճանաչում են Թուրքիան, Թուրքիայի նախագահ Էրդողանին, երկու կարևոր խնդիր են մատնանշում՝ Թուրքիան որևէ կերպ Հայաստանի հանդեպ որևէ դրական քայլ չի անելու մինչև չստանա իր համար ցանկալի պայմանների ի կատար ածումը, երկրորդ՝ Էրդողանը շարունակում է մնալ ամենահակահայ գործիչներից մեկը, իր հռետորաբանությունը լի է հայության հանդեպ ատելությամբ և այս ոճը, հեռախոսազրույցներն ամենևին չի նշանակում Էրդողանի դրական մոտեցումները Հայաստանի հանդեպ։
Ռուբեն Մելքոնյանն առաջիկա տարիներին զրոյական է համարում Թուրքիայի հետ հավասարը հավասարի, արժանապատիվ, հայկական շահի պահպանմամբ ու գիտակցմամբ հարաբերությունների հաստատման հավանականությունը։
«Իսկ եթե հարաբերությունների կարգավորում նկատի ունենք թուրքական պայմաններով, հայկական շահի ստորադասմամբ, ապա կարելի է ակնկալել, որ հայկական շահի լիակատար ստորադասմամբ կարող են լինել հարաբերություններ»,- ասաց թուրքագետը։
Ռ.Մելքոնյանն ասաց, որ դեռ 2018 թվականից նկատվում էր՝ այս իշխանության մոտեցումները լիովին տարբերվում են նախորդ շրջանի մոտեցումներից, որոշակիորեն համընկնում է Հայաստանի առաջին նախագահի մոտեցումներին, բայց դրանց ոչ գրագետ կրկնօրինակմամբ, նրանց համար չկան այն կարմիր գծերը, որոնք կան այս հասարակությունում շատերի մոտ։
«Հայկական իշխանությունները գտնվում են բավական բարդ խաղի մեջ և իրենք էլ այդ խաղի մեջ մտել են ամենաթույլ ստարտային պայմաններով, որովհետև իրենք պարտված իշխանություն են, չունեն որևէ լծակ, բանակցելու համար որևէ հիմք, որ կարողանան որևէ զիջում ստանալ դիմացի կողմից, այլ իրենք անընդհատ զիջողի դերում են»,- ասաց Ռ.Մելքոնյանը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի խոսքով, այս իշխանության համար ամենակարևորն իրենց իշխանության պահպանում է, իսկ իշխանության պահպանումը ենթադրում է որոշ գնի վճարում։
«Հիմա նրանք վճարում են այդ գինը, բայց ոչ թե իրենց հաշվին, այլ հայկական շահի»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծում է սկսվել
- Ինչպես է իրականացվում Հայաստան-Թուրքիա սահմանին թուրքական զինուժի ծառայությունը
- Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ նոր հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում
- Արամ Վարդևանյանը հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունները Թուրքիայի վերաբերյալ
- Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց
- Հայաստանի խորացող սոցիալական ճգնաժամի ֆոնին աճում է Թուրքիայից տնտեսական կախվածությունը. Թադևոս Ավետիսյան
- Ու որն է թուրք Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի 4-րդ հանդիպումից ծնված «երրորդ երկիրը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան