Բյուրականյան գիտաճամբար արցախցի դպրոցականների համար
Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) մեկնարկեց «Բյուրականյան գիտաճամբար արցախցի դպրոցականների համար» ամառային ծրագիրը։ Ճամբարը կազմակերպվել է Բյուրականի աստղադիտարանի ջանքերով և ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի աջակցությամբ:
Աստղադիտարանից հայտնում են, որ այն կտևի մինչև հուլիսի 18-ը, որի ընթացքում մասնակից 23 երեխաները (Շուշիի, Մարտակերտի, Պատարայի, Ճարտարի և Սարգսաշենի դպոցներից) ձեռք կբերեն նոր գիտելիքներ և կանցկացնեն հետաքրքիր ժամանակ։
Գիտաճամբարի շրջանակներում դպրոցականների համար զրույց-դասախոսություններով հանդես կգան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը («Վիկտոր Համբարձումյանը և Բյուրականի աստղադիտարանը»), ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը («Տիեզերքի մասին պատկերացումների զարգացումն անտիկ շրջանից մինչև մեր օրերը»), գիտաշխատող Հայկ Աբրահամյանը («Արեգակնային համակարգ»), ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը («Հայաստանի սեյսմիկ քարտեզը»), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Կարեն Թոխատյանը («Հայոց նախնյաց աստղագիտական գիտելիքը ժայռապատկերներում»), ԲԱ գիտաշխատող Նաիրա Ազատյանը («Աստղերի աշխարհում») և ԲԱ գիտաշխատող Գուրգեն Պարոնյանը («Գալակտիկաների աշխարհում»)։
Ինչ վերաբերում է գործնական պարապմունքներին, երեխաները կմասնակցեն ռոբոտաշինության դասընթացի և տարբեր ինտելեկտուալ խաղերի, ինչպես նաև կսովորեն արձակել հրթիռներ։
Աստղադիտարանին ավելի մոտից ծանոթանալու համար դպրոցականներն կայցելեն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և 2.6մ աստղադիտակ, իսկ երեկոյան ժամերին կմասնակցեն աստղադիտման։ Կլինեն նաև այցելություններ տարածաշրջանի մի շարք տեսարժան վայրեր՝ Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան