ՊԵԿ. Կանխվել է խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձն Ավստրալիա
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Ավստրալիա արտահանվող միջազգային փոստային առաքանին: Զննման արդյունքում հիշյալ առաքանիում հայտնաբերվել է շուրջ 6 կգ ընդհանուր քաշով, գունավոր նախշերով 7 անթև բաճկոն:
Այդ բաճկոնների ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն փոշենման զանգվածներով, որոնց փաստացի քաշը կազմել է շուրջ 2,5 կգ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: