SOS՝ կրթության ոլորտի փորձագետից
«Մենք բաց թողեցինք պահը, անտեսեցինք ուսուցիչներին, մտածեցինք՝ դե լավ յոլա ենք գնում, ուսուցիչներն էլ կազմակերպված ձևով չխոսեցին իրենց խնդիրների մասին»,- «Ուսուցիչների ծերացման միտում, մանկավարժական բուհերում՝ դիմորդների պակաս. դպրոցն՝ առանց ուսուցիչների մնալու վտանգի առաջ» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով, մի քանի տարի առաջ պետությունը կարողացավ իրեն շռայլություն թույլ տալ ու հայտարարել, որ դպրոցում ուսուցիչ աշխատելու համար պետք է ունենալ բարձրագույն կրթություն։ Այս քայլին գնալ կարողացան, քանի որ աշխատավարձը բարձրացվում էր։
«Հիմա մենք իմանում ենք, որ վարորդի աշխատավարձը հասել է մոտ 300 հազար դրամի, իսկ ուսուցչի աշխատավարձը 108 հազար դրամի սահմանում է՝ ներառյալ հարկերը։ Մենք ամեն կերպ անտեսեցինք ուսուցչին, սա բերեց նրան, որ տարեցտարի նվազեց մանկավարժական բուհեր դիմողների թիվը։ Այսօր մենք աղետալի վիճակում ենք, չեմ վախենա այդ բառն օգտագործել։ Կրթության ոլորտում սա թիվ մեկ խնդիրն է»,-ասաց փորձագետը։
Նրա խոսքով, այսօր դպրոցներում աշխատում են մոտ 100 ուսուցիչներ, որոնք միայն դպրոցն են ավարտել, նման պայմաններում կառավարությունը պետք է հետաձգի բարձրագույն կրթություն ունենալու պահանջի կիրարկումը։
«Եթե մենք ուսուցիչներ չունենանք, չգիտեմ՝ ինչ ենք անելու։ Սա այգեպանի աշխատանք չէ, ՏՏ ոլորտ չէ, որ կարողանանք տարբեր երկրներից մասնագետներ բերել։ Սա այն աշխատանքն է, որ հայը կարող է անել։ Չենք կարող Ռուսաստանից, Ֆիլանդիայից մարդ բերել, որ դասավանդի։ Սա SOS է, կառավարությունն ամեն րոպե պետք է զբաղվի այս խնդրով»,-նշեց նա։
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսումնական գործընթացների հարցով պրոռեկտոր, ՀՊՄՀ հենակետային վարժարանի տնօրենի խորհրդական Նաիրա Սաֆարյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ համալսարան դիմել է 250-ով ավելի քիչ դիմորդ, քան նախորդ տարի։
«Ցավով պետք է նշեմ, որ եղած դիմորդներից շատերը ձախողել են երկու առարկաների կամ դրանցից մեկի քննությունը։ Ունենք բավականին վատ պատկեր։ Խնդիրը նոր չի առաջացել, այլ տարիների ընթացքում»,-ասաց նա՝ նշելով, որ խնդրի լուծման համար առաջարկություններ են ներկայացրել լիազոր մարմնին։
Առաջարկել են վերականգնել կրկնակի մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը, երբ ուսուցիչը ստանում էր օրինակ ֆիզիկայի ու լրացուցիչ մաթեմատիկայի որակավորում։
«Միայն ինֆորմատիկայի ուսուցիչ դառնալը գրավիչ չէ։ Ցավով պետք է նշեմ, որ այսօր ինֆորմատիկա մասնագիտությամբ զրո ուսանող ունենք։ Դիմել էին երկուսը, երկուսն էլ ձախողել են մի առարկայից»,-նշեց Սաֆարյանը։
Ս. Խաչատրյանի խոսքով, 25 տարի շարունակ կրթության ոլորտում կերակրել են խոստումներով։
«Ով գալիս է, ասում է՝ էս ենք անելու, էն ենք անելու։ Տասը տարի հետո էդ ասողը էլ չկա։ Նոր եկածներն էլ ասում են՝ մենք պատասխանատու չենք նրանց ասածների համար, հիմա մենք նոր բան ենք ասում»,-նշեց նա։
Խաչատրյանի խոսքով, իշխանութունների, նախարարների փոփոխությանը հետևում են «պետք է սպասեք»-ները։
«Է, ինչքան սպասենք։ Նույն ձեռքագրով հիմա էլ ասում են, մինչև 2030 թ. սպասեք, մեր չորս համալսարան կլինի աշխարհի լավագույն բուհերի ցանկում։ Բայց ո՞նց, ի՞նչ ռեսուրսով, մի հատ տեսնենք՝ քո վարած քաղաքականությունը տանելո՞ւ է դրան։ Օրինակ, երբ Թիմզով ուզում ես հասնես ֆանտաստիկ արդյունքների, բեր տեսնենք, թե գնահատման չափորոշիչները ո՞նց ես փոխել, քանի որ այն հատուկ մեթոդաբանություն ունի, արդյո՞ք դասագրքերի հեղինակները տեղյակ են դրանց»,-ասաց Սերոբյանը՝ նշելով, որ դեռ հարց է, արդյո՞ք մեր կրթությունը պետք է դրան համապատասխանեցնել։
Փորձագետն ընդգծում է՝ մի բան հռչակելուց առաջ պետք է հաշվել, մինչդեռ Հայաստանում հակառակն է, հռչակում են, նոր սկսում են հաշվել։
«Հետո պարզվում է, որ չկա այդ փողը»,-ասաց Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան