Թուրքմենստանի քաղաքացիները մուտքի և ելքի ժամանակ նաև վեներոլոգիական հետազոտություն կանցնեն
Թուրքմենստանի բժշկական հաստատությունները Առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարությունից հրամաններ են ստացել օգոստոսից «առողջությունը պաշտպանելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար» լրացուցիչ միջոցներ կիրառել՝ կապված դեպի արտասահմանյան երկրներ ուղևորափոխադրումների վերականգնման հետ։
«Թուրքմենստանի ժամանակագրություն» հրատարակությունը հայտնում է, նոր կանոնների համաձայն՝ 18 տարեկանից մեծ քաղաքացիները, ովքեր մեկնում են և մուտք են գործում հայրենիք, պարտավոր են բուժզննում անցնել հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում և մաշկաբանա-վեներոլոգիական դիսպանսերներում։
Բուժզննության վկայականները հարկավոր կլինի ներկայացնել մեկնելիս։ Երկիր վերադարձողները նախ պետք է երկու շաբաթ անցկացնեն կարանտինում, ապա դիմեն իրենց բնակության վայրի կլինիկա՝ վարակաբանի և վեներոլոգի մոտ հետազոտության ուղեգիր ստանալու համար։
Լեբապի վելայաթի էտրապներից մեկի իրավապահ մարմինների աշխատակիցը, պատմել է, որ տեղամասայիները հետևելու են, որ մարդիկ անցնեն անհրաժեշտ թեստերը։ Նրանք, ովքեր կհրաժարվեն թեստավորումից, կտուգանվեն։
Տուգանքները կփոխանցվեն ոստիկանության այն բաժինների հաշվեհամարներին, որտեղ դրանց վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Գումարը թույլատրվել է ծախսել կենցաղային տարբեր կարիքների՝ վերանորոգման, գրենական պիտույքների և այլ սպառվող նյութերի գնման համար։
Ոչ պաշտոնապես բուժաշխատողներին հաղորդել են, որ առաջին հերթին նոր կանոնները վերաբերելու են կանանց:
Եթե մեկնելիս կինը առողջ է եղել, իսկ մուտք գործելուց հետո նրա մոտ հայտնաբերվել է վեներական հիվանդություն, ապա հետագայում նրան կարող են արտերկիր մեկնելու թույլտվություն չտալ,- նշում է թերթը։