«Պողիկտոս»-ը՝ օպերայի բեմում. «Ինչպիսի հոգևոր իմաստություն, խրատ ու պատգամ հնչող խոսքերում՝ մանավանդ մեր օրերի համար»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան էր, որը հանդիսատեսի կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց։
«Պողիկտոս» անունը հունարենից թարգմանվում է «բաղձալին»։
Օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։
Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։
Պաոլինայի դերում հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների եռակի Ոսկե մեդալակիր և երեք «Գրան Պրի»-ների թագակիր Անահիտ Մխիթարյանը, Պողիկտոսի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը, Սեվերոյի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը, Կալիստենի՝ Հայկ Տիգրանյանը։
«Պողիկտոս» օպերայի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է.
«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրադարձություն էր. ներկայացվեց «Պողիկտոս» օպերան՝ քրիստոնյա հայ ազնվականի վկայաբանության գեղարվեստական արարը: Ինչպիսի՜ հոգեպարար երաժշտություն, ինչպիսի՜ հոգևոր իմաստություն, խրատ ու պատգամ հնչող խոսքերում՝ մանավանդ մեր օրերի համար:
Այս սքանչելի ստեղծագործությունն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու ընծան է հայ մշակույթին և Ազգին՝ 1700-ամյակի Մեծ հոբելյանի առիթով:
Եվ այս հոգևոր-մշակութային իրադարձությունը պարտ է միշտ լինի օպերային ազդագրում՝ ներկայանալով ամենաբարձր արվեստով:
Եվ ամեն մի հայ քրիստոնյա հոգու պարտք ունի իր կարևոր ներկայությամբ սատարելու այս նվիրական ներկայացմանը»:
Նշենք, որ դեռևս 1993-ին է ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լևոնյանը Երևանի օպերային թատրոնում բեմադրել «Պողիկտոսը»։
Լուսանկարները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի էջից։