Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի «գործով» նախնական դատալսումները։ Նիստի ընթացքում Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը։
Ներկաները փորձում էին օգնություն ցուցաբերել նրան, թեպետ՝ կադրերից պարզ երևում է, որ ոչ ոք առաջին օգնություն ցուցաբերել չգիտեր (տեսանյութի 27-րդ րոպեից)։ Դատարանում բժիշկ չլինելու պատճառով շտապօգնություն կանչեցին, ինչի հետևանքով անցավ թանկագին րոպեներ։
«Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ դատարան մեկնած բժիշկներն Արմեն Գրիգորյանի մոտ արձանագրել են սրտի կանգ։
«Իրանացվել են վերակենդացաման բոլոր միջոցառումները, սակայն կյանքը փրկել չի հաջողվել»,-ասաց Ստեփանյանը։
Թե որն է եղել Գրիգորյանի հանկարծամահության պատճառը, Ստեփանյանն ասաց՝ իրենք չեն կարող ասել, կպարզի փորձաքննությունը։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն անազատության մեջ է մայիսի 17-ից։ Նրա առողջական վիճակի վատթարացման մասին նրա պաշտպանը մշտապես բարձրաձայնել է, դիմել, սակայն դատավոր Արուսյակ Ալեքսանյանը անհայտ հիմնավորումներով երկարաձգեց կալանքը։
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
- Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին