Հրաչուհի Բասենցի Դեզդեմոնան՝ Լոնդոնի թագավորական օպերայում
Հուլիսի 12-Ին Լոնդոնի Թագավորական օպերայի բեմը կրկին զարդարվել է գերմանաբնակ տաղանդավոր սոպրանո Հրաչուհի Բասենցի անկրկնելի ելույթով՝ այս անգամ Դեզդեմոնայի դերակատարմամբ Քեյթ Վորների «Օթելլո» բեմականացման այս տարեշրջանի պրեմիերայում։
orer.eu կայքը գրում է, որ դահլիճը ոչ միայն ընդունել է այս բեմականացումը, այլև իր բուռն ծափողջույններով ու բրավոներով գնահատել թե՛ դերասանների խաղը, թե՛ բեմականացումը և թե՛ դիրիժոր Դանիել Ռուստիոնիի ղեկավարած Թագավորական նվագախմբի կատարումը։
Գլխավոր հերոսներ Օթելլոն՝ ամերիկացի տենոր Ռասել Թոմասը, Դեզդեմոնան՝ սոպրանո Հրաչուհի Բասենցը և Յագոն՝ Քրիստոֆեր Մալտմանը կարողացել են ողջ ներկայացման ծանրությունը պատվով կրել և անկրկնելի պահեր պարգևել հանդիսատեսին։
«Հրաչուհի Բասենցը ոչ միայն իր նուրբ ու ջերմ ձայնով մեզ տեղափոխեց շեքսպիրյան դարաշրջան, այլև իր դերասանական խաղով կերտեց Դեզդեմոնայի հզոր ու ազդեցիկ կերպար, որը ոչ միայն ուժեղ ու համարձակ, այլև նվիրյալ կին էր։
Ներկայացման ողջ ընթացքում Հրաչուհին իր դերասանական տաղանդով ցույց տվեց և ռոմանիկ սիրո պատմություն, և դրամատիկ կնոջ կերպար, և իր սիրո ողբերգական ավարտը, իսկ Ավե Մարիայից հետո դահլիճը չսպասեց արարի ավարտին՝ ծափերը ողողեցին բեմը։
Երբ ներկայացումից հետո Լոնդոնի օպերայի դերասանների ընտրության տնօրեն Պետր Կատոնային հարցրեցի, թե ինչու Դեզդեմոնայի դերի համար ընտրեցիք հայուհի Հրաչուհի Բասենցին, նա պատասխանեց. «Քանի որ Բասենցը համապատասխանում էր այդ դերին թե՛ իր ձայնով, թե՛ իր արտաքինով, թե՛ իր դերասանական վարպետությամբ»։ Նրա ասելով, դեռևս չորս տարի առաջ Թագավորական թատրոնը Ճապոնիայում կայացած հյուրախաղերում ներկայացրել է նաև «Օթելլոն» և Հրաչուհին կրկին հանդես է եկել Դեզդեմոնայի դերով, իհարկե, այն ժամանակ իբրև զուգընկեր ունենալով հանրահայտ ամերիկացի տենոր Գրեգորի Քունդին։
Լոնդոնյան մամուլն արդեն իսկ շռայլ գնահատականներ է տվել է Բասենցի հիասքանչ խաղին»,- գրում է կայքը։
Հրաչուհի Բասենցի կարծիքով, Դեզդեմոնան ուժեղ կերպար է։
«Ուժեղ է, քանի որ դեմ է դուրս գալիս ժամանակի ընդունված բարքերին, պայքարելով հանուն ճշմարտության։ Նախկինում ես չէի ընդունում այս կերպարը, որը մարմնավորել եմ դեռևս 2007 թվականից Գերմանիայի տարբեր թատրոնների բեմերում։ Սակայն ժամանակի ընթացքում նար կերպարը հասունացավ և հասկացա, որ նրա պայքարը հանուն արդարության է, հանուն մաքուր ընկերության, միևնույն ժամանակ հանուն հավատարմության, քանի որ չի ցանկանում պախարակել իր սիրելի ամուսնուն։ Նա հրեշտակի նմանվող էակ է։ Եվ այժմ ես լիովին հասականում եմ Դեզդեմոնային և այնպես, ինչպես հիմա եմ ներկայացնում, երբեք չեմ ներկայացրել։ Նա ավելի ուժեղ կերպար է դարձել»,- ասել է հանրաճանաչ երգչուհին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։