Մոպեդները պետք է հաշվառել և վարել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում
Կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման համաձայն՝ սահմանվել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, որոնք ենթակա են պետական գրանցման։ Ոստիկանությունից հայտնում են, որ այդ ցանկում ներառված են նաև մոպեդները։
Մոպեդ է համարվում 50 սմ խորանարդ աշխատանքային ծավալը չգերազանցող ներքին այրման շարժիչ ունեցող կամ երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0,25 կվ-ից ավելի և 4 կվ-ից պակաս առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի առավելագույն արագությունը չի գերազանցում 50 կիլոմետր ժամը։
Մոպեդին է հավասարեցվում նաև համարժեք տեխնիկական բնութագիր ունեցող կվադրոցիկլը։ Մոպեդ վարելու համար անհրաժեշտ է համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, որը տրվում է 16 տարին լրացած անձին։
«Տեղեկացնում ենք, որ պարեկներն ու ճանապարհային ոստիկաններն այսուհետ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու վերը նշված խնդիրներին, և օրինազանցները ենթարկվելու են վարչաիրավական ներգործության։ Հորդորում ենք մոպեդ ունեցող անձանց օր առաջ այն հաշվառել ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներից որևէ մեկում, ինչպես նաև մոպեդը վարել բացառապես համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում»,- նշում են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի