Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին
Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար տեղ մնացել է թափուր: Նախօրեին հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստին հայտարարել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները՝ շուրջ 200 դիմորդ, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային տեղերի մրցույթի արդյունքները: Հանձնաժողովը հաստատել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման հարցը:
Նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը և թափուր մնացած տեղերի հարցին` խնդրահարույց համարելով այն փաստը, որ անկախ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններից՝ անընդունելի է նվազագույն շեմի միավորով բուհ ընդունվելը:
«Չի կարելի ուղղակի ուսանողներ հավաքագրել` չկարևորելով նրանց ակադեմիական մակարդակը»,-շեշտել է նախարարը՝ բուհերին հորդորելով համապատասխան քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու տվյալ մասնագիտությունների գրավչությունը:
Նախարարն անդրադարձել է նաև հեռակա ուսուցման կազմակերպման խնդրին՝ նշելով, որ համապատասխան նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվում է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` սահմանվել է, որ հայտագրման, փաստաթղթերի ներկայացման, ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցվում է ԳԹԿ-ին։
Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի