
Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է դատարան։
«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ հայցադիմումը ստացվել է հուլիսի 15-ին։
Երևանի քաղաքապետի պահանջն է. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար Ի. Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել»։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մաս.
«Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»: