Արդյունավետ այց. Բայդենը Սաուդյան Արաբիայում բանակցել է նավթի հարցով և հանձնել կղզին
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան վերահաստատել են իրենց հանձնառությունը կայուն համաշխարհային էներգետիկ շուկայի հարցում։ Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թագավորություն կատարած այցի արդյունքներով կողմերի համատեղ հայտարարության մեջ։
Ընդհանուր առմամբ, կողմերը կնքել են մոտ 20 պայմանագիր, դատելով փաստաթղթերից՝ Սաուդյան Արաբիան պարտավորվում է առաջիկա երկու ամսում ապահովել նավթի համարժեք առաջարկ և արդյունահանումն ավելացնել 50%-ով։
Բայդեն լրագրողներին ասել է, որ այցի ընթացքում բարձրացրել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության թեման՝ նշելով, որ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին համարում է հանցագործության մասնակից։
«Ըստ էության, արքայազնն ասաց, որ ինքն անձամբ պատասխանատվություն չի կրում դրա համար: Ես ասացի, որ ես նրան մեղավոր եմ համարում։ Արքայազնը հերքեց, ասաց, որ ինքը միջոցներ է ձեռնարկել նրանց դեմ, ովքեր մեղավոր են… », - պարզաբանել է Ջո Բայդենը մամուլի ասուլիսում:
Բայդենը նշել է, որ չի ափսոսում Սաուդյան Արաբիան իզգոյ-երկիր դարձնելու իր նախընտրական խոստման համար։
Այցի ընթացքում նա վերահաստատել է իր հանձնառությունը մերձավորարևելյան կարգավորման հարցում:
Այցի արդյունքում Սպիտակ տունը հայտարարել է թագավորությանը վիճելի տարածքի՝ Տիրան կղզին հանձնելու մասին։
«Միջազգային խաղաղապահները, ներառյալ ամերիկյան զորքերը, կլքեն Կարմիր ծովի Տիրան կղզին, որտեղ նրանք տեղակայված են Քեմփ Դեյվիդի համաձայնագրից հետո՝ ավելի քան 40 տարի»,- խոստացել է Բայդենը։
Կղզու հանձնմանը նախ համաձայնություն է տվել Եգիպտոսը, իսկ հետո Իսրայելը։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ երկինքը բացում է իսրայելական ավիացիայի համար։