Առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կընդունի համաշխարհային կոնգրես
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։ Ալժիրում կայացած հերթական նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։ Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են մեր երկրին։ Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի ընտանիքում կտրուկ բարձրացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեղինակությունը, իսկ վերջերս ամենաբարձր մակարդակով անցկացված Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն էր։
«Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կընդունի համաշխարհային կոնգրես։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան կժամանի համաշխարհային բռնցքամարտի ամբողջ էլիտան։ Սպասվում է մոտ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցչի մասնակցություն։ Կոնգրեսի ընթացքում քննարկվող հարցերից գլխավորը լինելու է IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը կամայականորեն չի ընդունել IBA-ի նախագահի վերջերս կայացած ընտրությունը` նշելով, որ առկա են եղել խախտումներ` մինչդեռ բռնցքամարտի միջազգային կառույցը պնդում է, որ ընտրություններն անցկացնելիս առաջնորդվել են հստակ կանոնադրությամբ»,- նշում են ֆեդերացիայից։