Միրզոյանի ու ադրբեջանցի գործընկերոջ հանդիպմանն արձանագրվել է՝ շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը
Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի. «Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։
ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը
- Արարատ Միրզոյանը իր թուրք գործընկերոջ հետ կհանդիպի վաղը
- Բայրամովը խաղաղության համաձայնագրի բանակցություններում առաջընթաց չի տեսնում