Երաժշտաթատերական ներկայացում՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին
Մեծանուն պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակում են ընդլայնել իրենց սահմանները: Հուլիսի 18-ին Գյումրիում կայանալու է երաժշտաթատերական ներկայացում, որը նախատեսվում է ներկայացնել նաև Վանաձորում (հուլիսի 19-ին) և Դիլիջանում (հուլիսի 29-ին):
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում անվանի և սիրված դերասանների ընթերցմամբ հնչելու են բանաստեղծի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները՝ ներկայացնելով ստեղծագործող անհատին, մարդուն, հայրենասերին, սիրահարին, ընտանիքին, բանտարկված, ողբերգական և միաժամանակ պայքարի խորհրդանիշ դարձած Չարենցին: Ցուցադրվելու է նաև բանաստեղծի կյանքին ու ժամանակաշրջանին վերաբերող հազվագյուտ քրոնիկա:
Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ վաստակավոր արտիստներ, դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամսոն Ստեփանյանը: Երեկոյին ներկա են լինելու նաև Սամվել Թոփալյանը, Մխիթար Ավետիսյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Քրիստինա Ոսկանյան): Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարելու է հայ դասական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից հատվածներ:
Համերգը ղեկավարելու է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը, մենակատարը Հովհաննես Անդրիասյանն է (տենոր), նախագծի ռեժիսորն ու կոմպոզիցիայի հեղինակն է Արամ Սուքիասյանը, իսկ տեսանյութերի մոնտաժն ու անիմացիան իրականացնելու է Արմեն Գալոյանը: