Սպանվածը 49-ամյա Գագիկ Խաչատրյանն է
Ոստիկանության Մաշտոցի բաժին հուլիսի 15-ին, ժամը 14.15-ին, հաղորդել են, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ տղամարդ կա ընկած: Նրան այդ վիճակում մի կին էր տեսել ու ահազանգել 1-02։ Անցորդներն ահազանգել էին նաև 1-03։ Ժամանած շտապօգնությունը տղամարդուն տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունից հայտնում են, որ ախտորոշվել էր «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր»։ Հոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր։
Ոստիկանության Մաշտոցի բաժնից ու Դավիթաշենի բաժանմունքից դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր, որոնց միացել են փորձաքրեագետներ, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներ։ Տարածքը զննվել է։ Հայտնաբերվել են արնանման հետքեր, օղու բաժակ, փքաբլիթ, ակնոց և այլն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացածը բնակվում էր հենց Դավիթաշենում։
Հայտնի է դարձել նաև, որ նրա և թաղեցիներից մեկի միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր եղել, այդ ընթացքում էլ 61-ամյա տղամարդը դանակով խփել էր 49-ամյա Գագիկ Խաչատրյանին։ 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական մարմնին։
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։