Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել է
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 16-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի հանգամանքները պարզելու համար:
Քննչական կոմիտեից հայտնում են, նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում 38-ամյա տղամարդն իր կողմից վարած «Hyundai sonata» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Mersedes» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների: Արդյունքում վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշում է կայացվել՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Նույն օրը 38-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: