Կրկնահանցագործը նոր հանցագործություներ է կատարել
Դատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման արդյունքում ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաև` առանձնապես ծանր հանցագործություններ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ, մասնավորապես, 2017թ. հունիսի 28-ին ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով դատապարտված Է. Եդիգարյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Հայաստանում կատարված այլ հանցագործության համար դատապարտվել էր ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բացասական զեկույցների հիման վրա, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետը 2021թ. ապրիլի 16-ին որոշում է կայացրել դատապարտյալ Է. Եդիգարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնել։ Այս որոշումը դատապարտյալը բողոքարկել է դատարան, բողոքի դատաքննության ժամանակ դատախազն առարկել է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեմ:
Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ Է. Եդիգարյանի բողոքը բավարարվել է, և նա պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի մնացած մասը՝ 1 տարի 3 ամիս 9 օրը, կրելուց:
Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «հաշվի առնելով Է. Եդիգարյանի կողմից պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը և դրա վերաբերյալ կազմված զեկույցները՝ կրած պատիժը բավարար է դատապարտյալի ուղղվելու համար և նա ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի»:
Դատարանի այս որոշման դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ բողոքներ, որոնք, սակայն ՀՀ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից մերժվել են: Արդյունքում, Է. Եդիգարյանն ազատ է արձակվել:
Դրանից հետո վերջինս, գտնվելով վերահսկողության ներքո, Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում հարուցված քրեական գործով 2022թ. ապրիլի 15-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ավելի ուշ՝ պարզվել է նաև, որ նա, կրկին վերահսկողության ընթացքում՝ կատարել է նաև այլ, առանձնապես ծանր հանցագործություն: Մասնավորապես, 2022թ. ապրիլի 15-ին ժամը 19-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով և փայտերով հարվածներ է հասցրել երկու անձի, ինչի արդյունքում վերջիններս տեղում մահացել են:
Եդիգարյանը ձերբակալվել է և ԱՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին