Հայ մարզիկները կմասնակցեն ազատ և հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարերին
Լեհաստանում առաջիկա օրերին հաջորդաբար կանցկացվեն ազատ և հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարեր: Առաջինը ասպարեզ կելնեն ազատ ոճի ներկայացուցիչները, գրում է ՀԱՕԿ-ը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը պայքարի կհանի հետևյալ մարզիկներին՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թևանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան և 79 կգ՝ Արման Ավագյան:
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմը մրցավայր կուղեկցի հուլիսի 21-ի լուսադեմին: Նա իր «մարտիկների» անունները կհրապարակի առաջիկա օրերին:
Լեհաստանում նախատեսված ստուգատեսները հանդիսանում են Բելգրադում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլերից մեկը: