Աբասթումանի աստղադիտարանը նոր աստղադիտակ կստանա
Ավստրիական հայտնի ASA Astrosysteme GmbH ընկերությունը Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող Աբասթումանի աստղադիտարանի համար նոր 1,5 մետրանոց աստղադիտակ կհավաքի: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Տարածաշրջանային զարգացման նախարարությունը։
8,6 մլն լարի (ավելի քան 3 մլն դոլար) արժողությամբ նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ։ Աստղադիտակի հետ միասին պետք է տեղադրվի աստղադիտարանի 12 մետր տրամագծով գմբեթը։ Ավարտման ամսաթիվը 2024 թ.-ն է:
Տարածաշրջանային զարգացման նախարարությունn ընդգծում է, որ ASA Astrosysteme GmbH-ն ունի բարձրորակ աստղադիտակների և գիտական սարքավորումների արտադրության երկարամյա փորձ և համարվում է Եվրոպայի առաջատար ընկերությունը։ Գործակալությունն ակնկալում է, որ նախագծի իրականացումից հետո Աբասթումանի աստղադիտարանը կդառնա «աստղագիտական գիտությունների ճանաչված կենտրոն»։
Նախատեսվում է նաև աստղադիտարանում ստեղծել թվային թանգարան։ Վարչական մասն ամբողջությամբ կվերականգնվի։
Աբասթումանի աստղադիտարանը Խորհրդային Միության առաջին լեռնային աստղաֆիզիկական աստղադիտարանն էր։ Այն հիմնադրվել է գրեթե մեկ դար առաջ՝ 1932 թվականին, պրոֆեսոր Եվգենի Խարաձեի նախաձեռնությամբ։
2019 թվականի հոկտեմբերին Աբասթումանիի աստղաֆիզիկական աստղադիտարանը փոխանցվել է Վրաստանի ԿԳ նախարարությանը։ Մինչ այս օբյեկտը վերահսկվում էր Իլիայի անվան պետական համալսարանի կողմից։
Աբասթումանի լեռնային կլիմայական հանգստավայրի 2019-2020 թվականների զարգացման ծրագրի շրջանակներում Տարածաշրջանային զարգացման նախարարությունը վերականգնել է շուրջ 20 պատմական տուն, հենց աստղադիտարանի շենքը և 1982 թվականին կառուցված ճոպանուղին։ Ավարտվել են նաև ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնումը։ Ներկայումս ընթացքի մեջ են Բաղդատի-Աբասթումանի ճանապարհի, ինչպես նաև ավտոկայանի և ավտոկայանատեղիների շինարարական աշխատանքները։
Աբասթումանիի ենթակառուցվածքի զարգացման համար ընդհանուր առմամբ կծախսվի 315,1 մլն լարի (ավելի քան 100 մլն դոլար): Արդեն ավարտվել են 49,5 մլն լարիի (ավելի քան 15 մլն դոլար) աշխատանքները։