Փորձ է արվում ի հաշիվ համայնքի իրավունքների ևս մեկ անգամ ուժեղացնել հանքարդյունաբերողներին. Օլեգ Դուլգարյան
«Խնդրահարույցն այն է, որ բնապահպանական կազմակերպությունների շատ կարևոր առաջարկություններ և դիտողություններ տեղ չեն գտել փաստաթղթում, որում կան նաև շատ վիճահարույց կետեր»,-Մեդիա կենտրոնում կազմակերպած «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն․ որո՞նք են խնդրահարույց կետերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը՝ անդրադառնալով մշակման փուլում գտնվող «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը»:
Համաշխարհային բանկի 2016 թվականի զեկույցում ռազմավարություն չունենալը Հայաստանի համար մեծ բացթողում էր որակվել, և այսօր բանկի ֆինանսավորմամբ էլ ՀՀ գործադիրն այն մշակում է:
Դուլգարյանը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը ձախողած համարեց և կարևորեց զարգացման ռազմավարություն ունենալը:
Նշելով, որ պետք է մշակվի այնքան լավ ռազմավարություն, որը ձախողված ոլորտը ոչ միայն դուրս բերի այդ վիճակից, այլ ապահովի նրա զարգացումը՝ Օլեգ Դուլգարյանն ասաց. «Բայց փաստաթուղթը չի արտացոլում համայնքներից եկող տասնամյակների ընթացքում առաջացած խնդիրները»:
Նա տեղեկացրեց, որ քաղհասրակության առաջարկությունների մեծ մասն անտեսվել է կամ ընդունվել է «մասնակի», քանի որ ինչ-որ բաներ մտցվել են ռազմավարության մեջ, բայց դրանք չեն արտացոլում առաջարկությունները:
«Ամենաաբսուրդայինն ու վիճահարույցն այն է, որ չգիտես ինչու ռազմավարությունը և այն մշակողները գնացել են հանքարդյունաբերությունից դուրս, դեպի համայնքային մակարդակ և փորձ է արվել կպնել տեղական ժողովրդավարությանը»,-ասաց բանախոսը և օրինակ բերեց ռազմավարության այն դրույթը, որով առաջարկվում է մշակել համայնքներում հանրային լսումների տապալման իրավական հետևանքների առաջացման ընթացակարգեր՝ նկատելով, որ դրույթն այն խնդիրը չէ, որին պետք է անդրադառնա ռազմավարությունը:
Նրա կարծիքով՝ դրանով փորձ է արվում ի հաշիվ համայնքի իրավունքների ևս մեկ անգամ հզորացնել հանքարդյունաբերության մեխանիզմները, ուժեղացնել հանքարդյունաբերողներին:
«Մեր կողմից առաջարկվել էր, որ ռազմավարությունում լինի հանքարդյունաբերության հետևանքով առաջացած առողջական, սոցիալական և բնապահպանական խնդիրների գնահատման և փոխհատուցման մեխանիզմենր, որը չի ընդունվել կառավարության կողմից և այդ հարցում միակ բանն այն է, որ ամրագրվել է ռիսկերի գնահատման մոնիթորինգի ընթացակարգի մշակման դրույթը, բայց ընդհանրապես խոսք չկա հանքարդյունաբերության հետևանքների վերացման համար փոխհատուցումներ հատկացնելու մասին»,-հայտնեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահը:
Օլեգ Դուլգարյանը նաև տեղեկացրեց, որ քաղհասարակությունը և համայնքային կազմակերպությունները առաջարկել էին, որ այն համայնքներում, որտեղ կա հանքարդյունաբերություն, ընկերությունները սոցիալական կորպորատիվ ծրագրերի միջոցով լուծեն սոցիալ-տնտեսական խնդիրները, այլընտրանքային ճյուղերի զարգացման հեռանկարները, որպեսզի երբ հանքարդյունաբերությունն այդ համայնքներից գնա, այնտեղ չմնա միայն դատարկ ապարներ և աղտոտված տարածքներ, բայց ռազմաարությունով այդ հարցը թողել են համայքների վրա, նրանք են որոշելու, թե այդ գումարները ինչի վրա ծախսեն:
Հարակից հրապարակումներ`
- Արաքսի վրա ավազահանք շահագործելու պատճառով ՀՀ-ի 400 հա տարածքը մնացել է գետի թուրքական ափին
- Հանքարդյունաբերող ընկերություննների վճարված ռոյալթիի ընդամենը 2 % կուղղվի ազդակիր համայնքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան