ԿՀՎ տնօրենի այցը Հայաստան կոծկելն արդեն խոսուն փաստ է. Գեղամ Մանուկյան
«Կառավարությունը հանգամանալից ինֆորմացիա չի տվել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի՝ վերջերս Հայաստան կատարած այցերից, բայց մի հանգամանք ուզում եմ նշել. իշխանությունը փորձում էր կոծկել ԿՀՎ տնօրենի այցը մինչև տեղեկատվական արտահոսք չեղավ։ Սա արդեն խոսուն փաստ է»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով, ևս մեկ արտառոց դրվագ կա. «Ամերիկացի պաշտոնյան հանդիպել էր անվտանգության խորհրդի քարտուղարի և Փաշինյանի հետ, իր կոլեգայի՝ ԱԱԾ տնօրենի հետ առանձին հանդիպում չէր եղել, բայց երևի ժամանակի ընթացքում ինչ-որ ծալքեր կբացահայտվեն»։
Միաժամանակ Գ.Մանուկյանն ասաց, որ աննախադեպ էր կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենի այցը Հայաստան, պատմության մեջ մեկ նման դեպք էր եղել 1994 թվականին։
Պատասխանելով ընդդիմության գործողությունների մասին հարցերին, նա նշեց. «Ընդդիմություն իր առաքելությունն ունի, իր խնդիրները, իր ստացած մանդատ և ըստ այդ մանդատի էլ կշարժվի։ Իրականում խորհրդարան վերադառնալը ֆիզիկական գործողություն է։ Այլ հարց է, որ Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների շուրջ գործունեություն ծավալելը մեր պարտականությունն է և այդ պարտականությունների շրջանակում էլ գործունեություն ծավալում ենք»։
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի նախաձեռնությանը՝ «պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով» և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք «Հայաստան» խմբակցությունը կմիանա դրան, նա ասաց. «Երևի Հայկի անհատական նախաձեռնություն է։
Հասկանում եմ Հայկ Մամիջանյանի մտահոգությունները։ Եթե այս իշխանությունները, հակառակ նախկինում տված խոստումների երկու ամսում ռազմագերիներին հետ բերելու մասով, մատը մատին չեն խփում, իսկ վերջերս Փաշինյանն ուղղակի դիմեց սադրանքի՝ ասելով, որ դրա պատասխանատուն Ռուսաստանն է, Մամիջանյանը, իբրև ընտրված մտահոգ պատգամավոր, փորձել է ինչ-որ քայլով ինքն էլ որևէ նպաստ բերել մեր ռազմագերիների ազատ արձակման գործին։
Չենք քննարկել նախաձեռնությանը միանալու հարցը, Մամիջանյանի անհատական նախաձեռնությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Նարիշկինը հայտարարել է, որ իր այցը Երևան ԱՄՆ հետախուզության ներկայացուցչի այցի հետ կապ չունի
- Փաշինյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինին
- Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին