Ինչո՞ւ են արդուկը, հեռախոսը հայտնվում սառնարանում. Նյարդաբանի ախտորոշումն ու խորհուրդները
Կանանց ֆեյսբուքյան ամենամեծ խմբերից մեկում օրեր առաջ ակտիվ քննարկում էր ցրվածության, մոռացկոտության, խնդրի վրա չկենտրոնանալու վերաբերյալ։
Կանայք ներկայացնում էին ծիծաղելի ու անհավանական բաներ, որ արել էին առօրյայում։
«Ես էլ լվացած շորերը դրել էի սառնարանում»։
«Տանից պիտի դուրս գայի՝ զանգահարեցին: Համ խոսում էի, համ էլ փնտրում հեռախոսս: Քանի որ այդպես էլ չգտա, ստիպված խոսելու ընթացքում համակարգիչով գրել եմ աղջկաս, որ զանգի ինձ)): Միայն երկրորդ գծով եկող զանգն է սթափեցրել»։
«Ես սառնարանից էլ եմ գտել հեռախոսս ու բացարձակ չեմ հիշել՝ ոնց եմ դրել։ Պատահում է՝ էն էլ բալիկի հետ»։
«Ես հեռուստացույցի վահանակը դրել եմ սառնարան»։
«Գնացի խանութ, աղ առա եկա տուն։ Ամբողջ օրը ներվայնացած աղ ման եկա, վստահ էի, որ տուն էի բերել։ Մտամոլոր մնացի էնքան, մինչև ամուսինս լողացավ, դարակը բացեց, որ նասկի վերցնի, տեսավ աղը շատ սիրուն իր դարակում դրված է»։
«Մի անգամ մամաս արդուկը տվեց քրոջս, ասաց՝ դիր սենյակի պատուհանին։ Կես ժամ անց ամբողջ տնով արդուկ էինք ման գալիս։ Վերջում սառնարանից գտանք»։
Ինչի՞ հետևանք են ուշադրության, կենտրոնացվածության խանգարումները, պե՞տք է դիմել բժշկի, թե՞ ոչ, ինչպե՞ս կարելի է կանխել նման խանգարումները, մեղմել դրանց հետևանքները։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է «Վարդանանց» ԲԿ նյարդաբանության ծառայության ղեկավար, նյարդաբան, էլեկտրոֆիզիոլոգ Հռիփսիմե Պոդոսյանի հետ։
«Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահետ տագնապային երևույթների, հիշողության խանգարումների հետ կապված դիմելիության բարձրացում կա։ Պացիենտները հիմնականում բողոքում են կենտրոնանալու դժվարությունից, մոռացկոտությունից, որոնք խանգարում են առօրյա ակտիվությանը, մտավոր, պրոդուկտիվ աշխատանքին, հախաճ սկսում են ինչ-որ իրեր կորցնել, հարազատներն են բողոքում, որ դարձել են շատ անուշադիր և ստիպված են լինում մի բանն անընդհատ հիշեցնել»,-իրեն դիմող մարդկանց խնդիրները նկարագրում է նյարդաբանը։
Պատճառները կարող են լինել տարբեր՝ վահանձև գեղձի խնդիրներ, ալկոհոլի չարաշահում, քնի խանգարումներ, անորոշություն, տեխնոլոգիաներից կառչած լինելը, սննդամթերքը, գերհոգնածությունը, սթրեսը։
«Շատ դեպքերում խնագարումները հետևանք են լինում այս համախտանիշների փնջի։ Պետք է դիմել մասնագետի՝ հասկանալու, գործ ունենք ուղղակի մոռացկոտությա՞ն, հիշողության խանգարմա՞ն հետ, թե՞ դրա հիմքում ավելի լուրջ հիվանդություն է ընկած»,-նշում է բժիշկը։
Նման խնդիրների կանխման համար Հռիփսիմե Պոդոսյանը խորհուրդ է տալիս, օրինակ, շաբաթվա մեջ մեկ օր հրաժարվել գաջեթներից, քնից մեկ-երկու ժամ առաջ չդիտել հեռուստացույց, ձեռքը չվերցնել հեռախոսը, նախապատվություն տալ գիրք կարդալուն, երաժշտություն լսելուն, իսկ օրվա ընթացքում պետք է ցուցաբերել ֆիզիկական ակտիվություն՝ զբոսնել, զբաղվել յոգայով, մեդիտացիայով, լողով։
«Իհարկե, համարվում է, որ սննդակարգն էլ շատ կարևոր է։ Բանջարեղենը, ընդեղենը, մրգերը կարող են օգնել հիշողության բարելամանը»,-նշում է բժիշկը։
Անտրամադիր, անտարբեր լինելը, աշխատավայրում բացթողումները, հարազատների նկատմամբ անուշադրությունը, ծանոթ միջավայրում շփոթվելը, չկողմնորոշվելը, գաղտնաբառերը մոռանալը, որևէ բան նախաձեռնելու ցանկության բացակայությունն այն մտահոգիչ ախտանիշներն են, որոնց առկայության պարագայում պետք է անհապաղ դիմել բժշկի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան