Փոստային առաքանիներից հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաքանիներում առկա են մաքսանենգ ճանապարհով ներմուծված թմրամիջոցներ:
Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն` հիշյալ առաքանիները նույնականացնելու և դրանցով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծված թմրամիջոցները հայտնաբերելու նպատակով:
«Զվարթնոց» օդանավակայանի «կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված 2 առաքանի:
Արդյունքում առաքանիներից մեկի մեջ առկա տպիչ սարքի ներքին հատվածներից հայտնաբերվել են 333 գրամ «մեթամֆետամին» և 37 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: Երկրորդ առաքանու միջի տպիչ սարքի ներքին հատվածից ևս հայտնաբերվել են 112 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 53 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: Ընդհանուր առմամբ, վերոնշյալ 2 առաքանիների միջից հայտնաբերվել են 445 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի և 90 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ:
Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները, ինչպես նաև առաքանիներում հայտնաբերված իրերն ու առարկաները ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են Քննչական կոմիտեի համապատասխան վարչություն` հետագա վարութային գործողություններն իրականացնելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան