Բազմաղբյուր գյուղում գյուրզա օձը երկու տեղով կծել է 12-ամյա տղայի
Օրեր առաջ օձի խայթոցից «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 12-ամյա տղա: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից հայտնում են, որ երեխան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բազմաղբյուր գյուղից է: Հողամասում՝ հորն օգնելիս, գյուրզա օձը երկու տեղով ՝ աջ ոտնաթաթի կոճերի շրջանում խայթել է, ոտքի վրա կծածի 4 հետքեր են նկատվել: Ոտքը սկսել է ցավել, այտուցվել, երեխան ունեցել է անհանգստություն, սրտխառնոց, փսխումներ: Նրան տեղափոխել են հանրապետության բժշկական կենտրոններից մեկը, որից հետո ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թունաբան Մարինե Գրիգորյանը նշում է, որ օձի թույնից զարգացել են երկտեղանի սիստեմոտոքսիկ ռեակցիաներ, արյան մակարդելիության խանգարում, հեմոլիզ, մկանային քայքայումներ և այլ ախտանշաններ:
Համալսարանական հիվանդանոցում երեխան ստացել է հակաթույն և ախտանշանային բուժում: Հիվանդի հիմնական բուժման համար երեխան անցել է նաև բարոթերապիայի 5 սեանս: Առաջին իսկ սեանսից փոփոխությունը նկատելի է եղել. բարոթերապիայի հզոր, հակաայտուցային, ցավազրկող, թունազերծող ազդեցության շնորհիվ այտուցն աստիճանաբար իջել է, ցավը նվազել: Երեխան դուրս է գրվել համալսարանական կլինիկայից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին