Բացօթյա համերգաշար՝ «Երևան» փողային նվագախմբի կատարմամբ
Հուլիսի 23-ին կմեկնարկի «Երևան» փողային նվագախմբի բացօթյա ելույթներից բաղկացած համերգաշարը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջին համերգը կկայանա հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին՝ Դիանա Աբգարի անվան պուրակում: Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար կկատարվեն փողային նվագախմբային հայտնի և սիրված ստեղծագործությունները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ:
Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը հիմնադրվել է 1964թ.` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հայկազ Մեսիայանի կողմից: Գործունեության ընթացքում նվագախմբի հետ համագործակցել են բազմաթիվ անվանի երաժիշտներ` Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Գոհար Գալաչյանը, Բորիս Աֆանասևը, Վալերի Բատաշովը, Գեորգի Օրվիդը և այլք:
Նվագախումբը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է, զգալի ներդրում ունի Հայաստանում փողային երաժշտարվեստի ավանդույթների պահպանման և տարածման գործում:
Նվագախումբը հանդես է գալիս բազմաժանր ծրագրերով՝ ազգային, հոգևոր, դասական, ժամանակակից ժանրերում: Կից ներկայացվում է «Երևան» փողային նվագախմբի բացօթյա համերգաշարի ժամանակացույցը: