Անորոշությունը մեծ է. հայ գինեգործները միջազգային շուկան կորցնելու վտանգի առաջ են կանգնել
Հայաստանի գինի արտադրող ընկերություններն արտահանման լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Արտահանման վրա ազդել է ռուս-ուկրաինական հակամարտությունը, ռուբլու, իսկ վերջին մեկ-երկու ամիսներին՝ դոլարի և եվրոյի արժեզրկումը։
Հայաստանից ոգելիք և ոչ ոգելից խմիքչների արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է։ Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարտ-ապրիլին և մինչև մայիսի կեսերը արտահանում չի եղել, քանի որ ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել էր պատերազմի ու Արևմուտքի պատժամիջոցների պատճառով։
Հունիսից, ըստ նրա, արտահանումը վերականգնվել է այն ձեռնարկությունների կողմից, որոնք պայմանագրերը կնքել էին ռուսական ռուբլով, սակայն դոլարով պայմանագիր կնքած ընկերությունները մեկ շիշ գինի անգամ չեն կարողացել դուրս բերել երկրից։
«Այն արտահանողները, որոնք ռուբլով պայմանագրեր ունեն, նրանց մոտ խնդիրներն այդքան սուր չեն , իսկ նրանք, որոնց պայմանագրերը դոլարով և եվրոյով են, մեծ վնասներն են կրել»,- նշեց գինեգործը։
Ավագ Հարությունյանի խոսքով՝ ռուսական շուկան ունի 500 մլն շիշ գինու, նույնքան էլ այլ ալկոհոլային խմիչքների դեֆիցիտ, և ՌԴ-ն լոգիստիկ ճանապարհներ է փնտրում ալկոհոլի շուկայի բացը լրացնելու համար։ «Իրենք ուզում են, որ Հայաստանն ինչ-որ չափով լրացնի այդ բացը, մյուս կողմից հասկանում ենք, որ դա ժամանակավոր է, ուստի հարց է առաջանում՝ արժե՞ գնալ այդ քայլին, թե ոչ։ Բացի այդ, այնպես չէ, որ ռուսական կողմը 100%-ով վճարումը կատարելու է, սովորաբար գործում է 90 օրվա ընթացքում վճարման պայմանը։ Այսինքն՝ անորոշությունը մեծ է, ռիսկի գնալ պետք չէ»,- նշեց Ավագ Հարությունյանը։
Գինու ազգային կենտրոնի նախագահը հայտնեց, որ եթե ամեն տարի մինչև հունիս արտահանվում էր մոտ 4 մլն շիշ խաղողի և նույնքան էլ մրգային գինի, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է մոտ 1 մլն շիշ գինի։
Հարցին, թե արդյոք խնդրի լուծման համար կառավարությունն աշխատանքներ տանում է, Ավագ Հարությունյանը նշեց, որ արտահանողները որևէ աջակցություն կառավարությունից չեն ստանում։ «Միշտ ասել ենք, որ փոխարժեքի տատանման պատճառով մեծ վնասներ ենք կրում և առաջարկել ենք, որ պետության երաշխավորմամբ առանց գրավի վարկ տրամադրեն արտադրողներին։ Կառավարությունը դա անում է միայն խոշոր ընկերությունների համար, իսկ փոքր և միջին ընկերությունները տուժում են։ Տեղեկություններ ունենք, որ էկոնոմիկայի նախարարությունը նման առաջարկի շուրջ աշխատանքներ է իրականացնում, բայց չգիտեմ, թե որքանով դա կհաջողվի»,- ընդգծեց նա։
Նա միաժամանակ նշեց, որ Ռուսաստանում պահանջարկը էժան գինիներն են, իսկ Հայաստանում բարձր որակի գինիներն են արտադրվում, ուստի, ըստ նրա, սա հայ գինեգործներին հնարավորություն է տալիս ճիշտ դիրքավորվելու։
«Սա շանս է, որ ևս մեկ քայլ անենք ռուսական շուկայից դուրս գալու համար։ Հիմա տնտեսությունը ստիպում է, որ դուրս գանք այդ շուկայից, նոր շուկաներ փնտրել։ Ի վերջո սա բիզնես է։ Պետք է վերակառուցել տնտեսական քաղաքականությունը՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- ասաց Ավագ Հարությունյանը։
Նա միաժամանակ նշեց, որ սկսել էին արտահանում իրականացնել եվրոպական երկրներ, սակայն դոլարի և եվրոյի փոխարժեքի արժեզրկման պատճառով արտահանումները դադարեցվել են։
Նրա խոսքով՝ նոր շուկաներ գտնելու համար անհրաժեշտ է պետության աջակցությունը։ Նախ, ըստ նրա, արտադրության ծավալներն ավելացնելու համար գինեգործները պետք է վարկ վերցնեն խաղող գնելու համար, սակայն դրա համար գրավ է պետք։
«Մենք առաջարկում ենք, որ պետության երաշխավորմամբ վարկ վերցնենք։ Այստեղ ևս պետությունը երաշխիք տալիս է, սակայն դա միայն խոշոր ընկերությունների համար է։ Բացի այդ, կառավարությանն առաջարկում ենք, որ արտադրական շինարարության համար հիփոթեքային ծրագիր իրականացնի, որ կարողանանք արտադրական հզորությունները մեծացնել»,- ասաց Ավագ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան