«Բոլորը լավ աշխատեցին». Տիգրան Մանսուրյանը ներկա էր իր ստեղծագործության երևանյան պրեմիերային
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում միաժամանակ երեք պրեմիերա էր՝ երկուսը համաշխարհային, մեկը՝ երևանյան։ Բեմում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի փակման համերգին, որը կրում էր «Աղոթքներ» խորագիրը, առաջին անգամ հնչեց ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան։ Կոմպոզիտորը նույնպես դահլիճում էր։
«Բարդ գործ է նվագախմբի համար, բայց լավ կատարվեց։ Սերգեյ Սմբատյանը շատ լավ է ղեկավարում նվագախումբը, բայց կային որոշ պահեր նվագախմբի հետ կապված, որոնք պետք է առանձնացնել, ինչին ժամանակը, ցավոք սրտի, ոչ միշտ է բավարարում։ Բայց ամեն ինչ շատ հիանալի է»,- առաջին տպավորությունները Panorama.am-ին այսպես ներկայացրեց Վալենտին Սիլվեստրովը։
Համերգին առաջին անգամ հնչեց նաև մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Կառլ Ջենկինսի երգչախմբային պասակալիան, որը հեղինակը գրել է նվագախմբի խնդրանքով, և այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Դահլիճում էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։ Հենց նրա ներկայությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), բարիտոն Ասկել Դավեյանը կատարեցին կոմպոզիտորի «Յոթ աղոթք սբ. Ներսե Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար» ստեղծագործությունը։ Այն նվիրված է Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոս պապին։
Առաջին տպավորություններով մաեստորն կիսվեց հենց Panorama.am-ի հետ զրույցում. «Ներսես Շնորհալու հայերենը, այս փառավոր գրաբարը, այդքան սիրված աղոթքաշարը երգվեց և ներկայացվեց մի մեծ երաժշտական կազմի միջոցով։ Խորապես շնորհակալ եմ, բոլորը լավ աշխատեցին, և Ակսելը, և Սերգեյ Սմբատյանը, բոլորը-բոլորը»։
Դեռ 2019 թ. թվականին Հայաստանի ազգային գրադարանում «Երգի վերածված բանաստեղծություններ և բանաստեղծությունից ծնված երգեր» զրույց-քննարկմանն Տիգրան Մանսուրյանը այս աշխատանքի մասին պատմել էր. «Անցյալ տարի Ֆլորենցիայում տոնվել է Սան Միկելե եկեղեցու հիմնադրամ 1000 տարին: Եկեղեցու հիմնադիրը համարվում է ազգությամբ հայ հոգևորական Սուրբ Մինասը: Իտալացիները շատ կարևորում են եկեղեցու ազգային պատկանելիությունը: Ինձ առաջարկել էին եկեղեցու 1000-ամյակի տոնակատարության առիթով գրել մի գործ:
Իմ տրամադրության տակ էր սիմֆոնիկ նվագախումբ, մեծ երգչախումբ և մեներգիչ: Վերցրեցի Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանին» աղոթաշարից 7 աղոթք: Իտալացիներին պետք էր միայն լատինատառ գրել հայերեն տեքստը: Նրանք շատ հիանալի երգեցին: Սա ասում եմ իբրև օրինակ այն բանի, որ ես փորձում եմ նաև գրաբարը բերել երաժշտություն և համապատասխան հնչողություն ստեղծել նրա հետ, իրեն պահանջած հնչողությունը: Այստեղ հսկայական աշխատանք կա անելու»։
Հիշեցնենք, որ երեկվա համերգը բարեգործական էր։ Տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը. Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում դժվարին պայմաններում ապրող առնվազն 100 երեխա, այդ թվում՝ Արցախից տեղահանված երեխաներ, կապահովվեն դպրոցական պարագաներով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության բարի կամքի դեսպանն է, ով օգնում է կազմակերպությանը դրական փոփոխություններ բերել կարիքի մեջ ապրող երեխաների կյանքում։
Հարակից հրապարակումներ`
- Կներկայացվեն Պենդերեցկու ստեղծագործությունները
- Համաշխարհային պրեմիերաներով բարեգործական համերգ հուլիսի 19-ին՝ ի նպաստ Սյունիքի ու Արցախի երեխաների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան