Վստահ չեմ՝ ունենք սուբյեկտայնության այն մակարդակը, որ որոշումների վրա ազդեցություն ունենանք. Էլիբեգովա
«Ադրբեջանը հիմա մոտավորապես վերապրում է այն իրողությունը, որը մեզ մոտ էր առաջին արցախյան պատերազմից հետո։ Իրենք հաղթել են պատերազմում, բայց էյֆորիան կամաց-կամաց սառում է, ի հայտ են գալիս բոլոր սոցիալական-տնտեսական խնդիրները»,- քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նա նշեց, որ Ադրբեջանը ներսում ունի ավելի շատ սոցիալական բողոքի մեծ ռիսկեր, այդ թվում նաև նույն փախստականների խնդիրը, որոնց խոստացել էին վերադարձ, բայց բավականին դանդաղ են շինարարական աշխատանքներն ընթանում։
«Ադրբեջանը հիմնական ծախսերն անում է ռազմական ենթակառուցվածքի վրա՝ ամրացնելով, կառուցելով ճանապարհներ, օդանավակայաններ։ Խաղաղ բնակչության վերաբնակեցման պրոցեսը բավականին բարդ և դանդաղ է գնում առաջին հերթին ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Ադրբեջանն ակնկալում էր, որ ներդրումներ կգան, բայց մեծ ֆինանսական հոսք չի նկատվում երկու հիմնական պատճառով. անվտանգության խնդիր, որովհետև ներդրողներն ուզում են ունենալ երաշխիքներ և երաշխքիները պայմանավորել այդ թվում նաև խաղաղության պայմանագրով, որը պետք է կնքվի։ Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանը շտապում է փաստաթղթի ստորագրման հարցում։
Երկրորդ՝ Ադրբեջանի ներսում կոռուպցիայով պայմանավորված տենդերների ոչ թափանցիկ լինելն է, դատական համակարգի ոչ լիարժեք գործելն է։ Ներդրումների մասով Ալիևի սպասումները դեռ չեն արդարանում, հետևաբար ֆինանսական բեռը մնացել է պետության վրա։ Դրա համար կենտրոնացել է օկուպացված տարածքերում ենթակառուցվածքի վրա, որը հետագա պատերազմի համար իրեն անհրաժեշտ է», -ասաց Անժելա Էլիբեգովան։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, նա նշեց, կիզակետում Եվրոպայի հետ համագործակցությունն է նավթագազային սեկտորում։
«Եվրոպացիները համագործակցում են Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով, որ այդ երկրում ավտորիտար և դիկտատուրային ռեժիմ է, որովհետև երբ որ հերթը հասնում է գազին, իրենց կոմֆորտին, իրենք խնդիր չեն տեսնում, համագործակցում են Ադրբեջանի հետ, որն իրենց իսկ զեկույցներով կամ տարբեր միջազգային կառույցների հայտարարություններով դեմոկրատիայից շատ հեռու է, խախտվում են մարդու իրավունքներ, կա կոռուպցիա և այլն։
Երբ հերթը հասնում է ռեալ պոլիտիկին, եվրոպացիները հիմա ադրբեջանցիների հետ բավականին բարիդրացիական շփումների մեջ են տնտեսական ոլորտում»,- ասաց ադրբեջանագետը։
Խոսելով Ադրբեջանի կողմից վարվող դիվանագիտական աշխատանքի մասին, Ա. Էլիբեգովան նշեց, որ բավականին կոմպլիմենտար է, ռուսական կողմի հետ բավականին ակտիվ աշխատում են։ Ի տարբերություն ամերիկյան կողմի, Նարիշկինը այց կատարեց Հայաստան, նաև Ադրբեջան, նաև Իրանի ներկայացուցիչները։ Կարծում եմ՝ պայմանավորվածությունները, որոնք հիմա բանակցում են նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, հիմա քննարկման ակտիվ փուլում են»,- ասաց Էլիբեգովան։
Նա վստահ չէ, թե այստեղ մենք ունենք սուբյեկտայնության այն մակարդակը, որ որոշումների վրա ազդեցություն ունենանք, մեր շահերը հաշվի առնվեն։
«Տարածաշրջանի ավելի մեծ խաղացողներն առանձնապես մեր կարծիքն այստեղ հաշվի չեն առնում։ Չնայած մյուս կողմից ես նույնիսկ հստակ չգիտեմ՝ որն է մեր պաշտոնական դիրքորոշումը կոմունիկացիաների բացման ռիսկերի վերաբերյալ, որովհետև հստակ ծրագիր մինչ օրս չեմ տեսել։
Ադրբեջանն ավելի հստակ ձևակերպում ունի և ֆորմատի վերաբերյալ, և Զանգեզուրի միջանցքով անխափան տեղաշարժի վերաբերյալ»,- ասաց Անժելա Էլիբեգովան։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Արցախի հարցում խոստումը չկատարելու մեջ
- Ինչ են քննարկել Տոյվո Կլաարն ու Իլհամ Ալիևը
- Արմեն Պետրոսյան. «Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը
- Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
- Անժելա Էլիբեգովա. Սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարց է
- Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը
- Ալիևը անկեղծանում է վատ բաներով՝ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է»
- Էլիբեգովա. Ադրբեջանական քարոզչության համար թիվ մեկ հարթակն այսօր ՔՊ-ական պատգամավորներն են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան