«Ժողովուրդ». Սեպտեմբերից կմեկնարկի բողոքի ակցիաների նոր փուլը, կլինեն նաև հանրահավաքներ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Դիմադրություն» շարժումը հուլիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքը կանցկացնի, եթե, իհարկե, մինչև այդ խանգարող որևէ հանգամանք ի հայտ չգա, եղանակային պայմաններն էլ բարենպաստ լինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև սեպտեմբեր՝ խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկը, ընդդիմադիրները մեկումեջ հանրահավաքներ կկազմակերպեն, սեպտեմբերից արդեն բողոքի ակցիաների նոր փուլը կմեկնարկի, նաև հանրահավաքներ կլինեն: Տեղեկացանք, որ այս պահին մարդկանց հրապարակ կհրավիրեն տասը օրը կամ երկու շաբաթը մեկ անգամ հանրահավաքների կամ ակցիաների ձևաչափով: Իսկ ԱԺ նոր նստաշրջանը մեկնարկելուն պես «Դիմադրություն» շարժման պիկետներն էլ նոր թափով ու ինտենսիվությամբ կանցկացվեն:
Նշենք, որ մայիսի մեկին, ընդդիմությունը, երբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի ու իշխող քաղաքական ուժի դեմ փողոցային պայքար սկսելու մասին, վստահեցնում էր, թե իրենց պայքարն անկասելի է, ու ո՛չ կիզիչ արևը, ո՛չ հորդառատ անձրևը չեն կարող խանգարել հանրահավաքներին: «Ինչ էլ լինի, հավաքվելու ենք, իրագործենք մեր նպատակն ու գնանք մինչև վերջ»,- վստահեցնում էին ընդդիմության լիդերները: Իրողությունները, սակայն, ցույց տվեցին, որ թե՛ գարնանային անձրևները, թե՛ ամառվա բարկ արևը կարող են պատճառ լինել ընդդիմադիրների՝ վճռական նպատակները չիրագործելու համար, ու նրանք կարող են որոշել տեղափոխել հանրահավաքի օրն ու ժամը:
Ի դեպ, շարժման անդամները ցույց չեն արել նաև այն ժամանակ, երբ դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից, Հայաստան հյուրեր են ժամանել: Դրա վառ ապացույցը հունիսի 9-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցն էր Երևան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում