Ծալկայի շրջանի ամենամեծ հայաբնակ գյուղը
aliq.ge-ի լրագրող Անի Հարությունյանն ծավալուն ակնարկում ներկայացնում է Վրաստանի Ծալկայի շրջանի ամենամեծ հայաբնակ գյուղի պատմությունը:
Հոդվածի հեղինակը գրում է. «Ղզլքիլիսան (Կարմրավանք) Ծալկայի շրջանի հայաբնակ ամենամեծ գյուղն է, և ինչպես տեղացիներն են ասում՝ առաջատարը։ Ղզլքիլիսան հայտնի է իր տեսարժան վայրերով ու պատմական կառույցներով։
Այստեղ է գտնվում Սուրբ Թադեոս մատուռը կամ ինչպես տեղի բնակիչներն են անվանում` «Լույս աղբյուրը». գյուղի հայտնի շինություններից է, 2011 թվականին վերանորոգել են գյուղի բարերարներ Էդգար և Շալվա Արամյանները։ Փոքրիկ մատուռին հարակից ջրավազան կա` ձկներով մշտապես լեցուն։ Հենց սա է բազմաթիվ այցելուներին գրավող պատճառներից մեկը։
Այս և մի շարք այլ շինություններով է աչքի ընկնում հայաբնակ գյուղը։ Բնակչությունն Էրզրումից է գաղթել 1830 թվականին։ 1874–ին ղզլքիլիսեցիների ջանքերով գյուղի կենտրոնում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, ուր հաճախում է գյուղի հավատավոր ժողովուրդը։
«Մեր ժողովուրդը եկել է այստեղ բնակություն հաստատել Էրզրումից` բերելով իրենց ավանդույթները, սովորույթները, մշակույթը. շենացրել են գյուղը, կառուցել եկեղեցիներ», — պատմում է հայոց լեզվի և գրականության 50 տարվա մանկավարժ Վարսիկ Ղուլիկյանը։
Գյուղի տարեց բնակիչ, 75-ամյա Կամառնիք Ոսկանյանն էլ պատմում է, որ Ղզլքիլիսան հյուրընկալ գյուղ է, ուր ամեն տարի այցելում են տարբեր վայրերից` տեսնելու նպատակով գյուղի գեղեցիկ կառույցները։
Բոլորին հայտնի Ղզլքիլիսայի վանքը, ըստ տեղացիների, կառուցվել է իրենց նախնիների Էրզրումից տեղափոխվելուց առաջ: 2019–ին բարերարներ Եղոյան եղբայրները վերանորոգել են վանքը, հարակից տարածքում նաև մատուռ են կառուցել ու ջրավազան, վերանորոգել են նաև գյուղից դեպի վանք տանող ճանապարհը։
Գյուղում հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, սակայն սա էլ վերջին տարիներին հետին պլան է մղվել։
«Հիմնական պատճառներից մեկը հող չունենալն է, նաև հնարավորություն չկա ապրանքն իրացնելու, դրա պատճառով մեր գյուղացիների հիմնական եկամուտը արտագնա աշխատանքից է։ Գյուղում վերջին տարիներին նկատվում է արտահոսք, որի հիմնական պատճառն աշխատատեղերի սակավությունն է և արտերկրում բարեկեցիկ կյանք ստեղծելու հնարավորությունը։ Ներկա պահին գյուղում ապրում է 286 ընտանիք, իմ աշխատանքի ընթացքում գյուղից հեռացել է մոտ 140 ընտանիք։ Շատ ցավալի է, որ գյուղը հայաթափվում է,այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անենք, որ գյուղը զարգանա, բարգավաճի, և բնակչությունը չցանկանա հեռանալ այստեղից», — ասում է Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Ռադիկ Սարգսյանը, որը 15 տարի անընդմեջ գյուղապետ է աշխատում։
Գյուղն ունի հանրային դպրոց, մանկապարտեզ, ուր հաճախում են գյուղի երեխաները։
Ղզլքիլիսան առաջինն է շրջանում, որ ունի մարզադահլիճ ու բուժկենտրոն, որոնք կրկին գյուղի բարերար Արամյան եղբայրներն են կառուցել։
«Շնորհիվ մեր բարերարների` ունենք նորակառույց մարզադահլիճ իր բոլոր հարմարություններով, ուր հնարավորություն ունի հաճախելու մեր երիտասարդությունը։ Որպես մանկավարժ ասեմ, որ մեր երիտասարդների հետաքրքրությունների շրջանակն այլ էր, իսկ հիմա փոխվել են թե՛ մտածելակերպով, թե՛ ֆիզիկական կեցվածքով, ինչը շատ գովելի և ուրախալի է մեզ համար»,- պատմում է ՝ Վարսիկ Ղուլիկյանը։
«Մեր երիտասարդները առաջավոր տեղեր են գրավում մրցումներում թե՛ Վրաստանում, թե՛ Վրաստանի սահմաններից դուրս, բազմիցս մասնակցել են մրցումների Հայաստանում, նաև Ռուսաստանում։ Աշնանը գյուղում անցկացվում են մրցումներ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից եկած երիտասարդների հետ», — հպարտությամբ պատմում է Կամառնիք Ոսկանյանը։
Տեխնիկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի, միաժամանակ` Ղզլքիլիսայի հանրային դպրոցի համակարգող Թամարա Ոսկանյանն էլ խոսեց գյուղում երիտասարդների առօրյայի մասին։
«Մեր երիտասարդների մի մասը քաղաքում բարձրագույն կրթություն ստանալուց հետո չի վերադառնում գյուղ, մի մասն էլ աշխատանք չգտնելու պատճառով տեղափոխվում է այլ երկիր, շատ քիչ մասն է իր ստացած գիտելիքն օգտագործում հենց գյուղում։ Հասկանալի է, որ պատճառը գյուղում անբավարար պայմաններն են։ Երիտասարդներ կան, որ իրենց փոքրիկ բիզնեսներն ունեն գյուղում. օրինակ՝ ինքս ծաղիկների փոքրիկ բիզնես ունեմ։ Կարծում եմ, եթե յուրաքանչյուրս պատասխանատվություն վերցնենք մեզ վրա, կարող ենք օգուտ տալ մեր հայրենի գյուղին. ստեղծենք աշխատատեղեր, ժամանցի կենտրններ, այսինքն` բոլոր հնարավոր պայմանները, որ մեր երիտասարդությունը մնա գյուղում»,-ասում է Թամարան։
Վարսիկ Ղուլիկյանն էլ հավելում է. «Պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդները վերադառնան գյուղ և այստեղ շարունակեն իրենց գործունեությունը, քանի որ միայն երիտասարդների ջանքերի շնորհիվ կարող ենք մեր գյուղը զարգացնել»։
Ղզլքիլիսան հայկական գյուղերից միակն է, որը զերծ է մի շարք հիմնախնդիրներից, որոնք առկա են մյուս գյուղերում։ Ներկա դրությամբ միակ և գլխավոր հիմնախնդիրը գազի բացակայությունն է։
Ռադիկ Սարգսյանը անդրադարձավ մոտ ապագայում իրականացվող պետական ծրագրերին․ «Գյուղին գազով ապահովելու համար խողովակները տեղադրված են, բայց դեռ չեն գործում, մոտ ապագայում այդ հարցն էլ կլուծվի։ Նաև Ղզլքիլիսա-Օզնի ճանապարհը պիտի կառուցվի։ Բարեգործական ծրագրերն էլ չմոռանանք. մոտ օրերս արդեն սկսվելու են մեր Հարսանյաց կենտրոնի վերակառուցողական աշխատանքները, բարերարը կրկին հարգելի Էդգար Արամյանն է»։
Ղզքիլիսան, ի դեպ, բարերարների պակաս չունի. գրեթե ամեն տարի վերանորոգվում են կառույցները, ստեղծվում են նորերը, մարդիկ ֆինանսական օգնություն են ստանում։
Օրինակ՝ Կարեն Քուչուկյանը 2022 թվականին ավարտած շրջանավարտներին դրամական պարգև է տվել, Էդգար Արամյանը գյուղի ամենատարեց բնակչին՝ 100-ամյա Փիլոս Ոսկանյանին է հանձնել 2 սենյականոց նորակառույց բնակարան Թբիլիսիում։
Գյուղացիներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բարերարներին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում թանկանում է ամուսնության գրանցումը
- Վիրահայերի նախաձեռնությամբ Թբիլիսիում ընթանում է «Մի’ աջակցեք ցեղասպանությանը» երթը
- Վիրահայերի աջակցությունը Սուրբ Էջմիածին եկեղեցու վերանորոգչական աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան