Նկարիչների միությունում բացվեց Ստեփան Թոփչյանի աշխատանքների ցուցահանդեսը
Նկարիչների միությունում բացվեց անվանի գրականագետ, արվեստաբան, հրապարակախոս և նկարիչ Ստեփան Թոփչյանի (1937–2021) գեղանկարչական աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։
«Ցավում եմ, որ այսօր հեղինակը մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա կատարած աշխատանքները։ Նա կարողացավ Հայաստանի հենասյուներից մեկը լինել, որովհետև այսպիսի մարդկանցով է, որ Հայաստան աշխարհը ապրել է, ապրում է ու պետք է ապրի։ Այսպիսի մարդիկ են եղել այն շարժիչ ուժը, ովքեր կարողացել են ամենադժվար իրավիճակներում գտնել ելք, հնարավորություն տալ մարդուն հույսը չկորցնել, ապրել ու արարել։ Այդպիսի մարդկանցից է պարոն Թոփչյանը»,- իր խոսքում ասաց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ Հենրիկ Էդոյանի խոսքով, ցուցահանդեսը նշան է այն բանի, որ ստեղծագործող մարդը վախճան չունի, նրա կյանքը շարունակվում է։
Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանն ասաց, որ Ստեփան Թոփչյանն ինքն իր ամբողջությամբ մարդ-մշակույթ էր, կրում էր իր մեջ մի վիթխարի մշակութային համատեքստ՝ լինի գրականության, փիլիսոփայական մտքի համատեքստ.
«Ինքը կարիք չուներ մոտենար գրադարանին, որ բացեր ու հիշեր՝ ով ինչ է գրել, ինքն իր մեջ է նայում ու գիտեր՝ ով ինչ է գրել։
Ստեփան ջան, մենք այսօր քեզ հետ հանդիպեցինք»։
Բանասեր, թարգմանիչ, Ստեփան Թոփչյանի որդի Արամ Թոփչյանի նկարագրմամբ, իր հայրը արվեստով ապրող մարդ էր, նկարչական ալբոմներով ու գրքերով հարուստ ու հրաշալի գրադարան ուներ, որի մեջ մեծացել են ինքն ու եղբայրը՝ Էդուարդ Թոփչյանը, իրենք էլ համակվելով բարձր արվեստի հանդեպ սիրով։
«Հիանալի գիտեր արվեստի պատմություն, կարողանում էր խորությամբ վերլուծել արվեստի գործերը։ Մինչև կյանքի վերջին օրը գրում էր ու նկարում»,- ասաց Արամ Թափչյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան