Հետաքրքիր ֆենոմեն է՝ ամբողջ աշխարհում դոլարն արժևորվում է, մեր երկրում՝ արժեզրկվում. տնտեսագետ
Փետրվարի 24-ից մինչ օրս փաստացի դոլարն արժեզրկվել է 18%-ով, իսկ մարտի կեսերից առ այսօր՝ ավելի քան 20%-ով։ Այս մասին այսօր դրամի արժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ քննարկամն ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ 2016 թվականի կեսերից մինչև 2020 թվականը ԱՄՆ դոլարի փոխարժեքը կայուն է եղել, 2020-ին համավարկով, սահմանափակումներով պայմանավորված եղել են տատանումները՝ 10 դրամի չափով։ Մինչդեռ, ըստ նրա, այս տարվա փետրվարի 24-ից սկսած, երբ սկսվեց ռուս-ուկրաինական համակարտությունը, դոլարը սկսել է արժեզրկվել՝ 500 դրամից նվազելով մինչև 405 դրամի։
Իրականում, ինչպես նշում է Կառլեն Խաչատրյանը, հետաքրքիր ֆենոմեն է, քանի որ ամբողջ աշխարհում դոլարն արժևորվում է, իսկ մեր երկրում հակառակն է։ «Փետրվարի 24-ից մինչ օրս եվրոյի նկատմամբ դոլարն արժևորվել է 13%-ով, չինական յուանի նկատմամբ՝ 7%-ով, ճապոնական իենի նկատմամբ՝ 21%։ Աշխարհի գրեթե բոլոր արժույթների նկատմամբ դոլարը վերջին 3-4 ամիսներին արժևորվել է»,- ասաց տնտեսագետը։
Ըստ նրա՝ միջինում դոլարն արժևորվել է 10-12%-ով, իսկ Հայաստանում արժեզրկվել է 18%-ով։ «Արժեզրկման պատճառը մեր երկրի տնտեսության հիմքերի ամրացումը չէ, այնպես չէ, որ մեր տնտեությունը կայունացել է, զարգանում է, դրա համար մեր արժույթն արժևորվում է։ Պատճառը արտերկրից եկող դոլարային մեծ հոսքերն են»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից փոխանցումները կտրուկ ավելացել են։ Այսպիսով, այս տարվա մարտին այն կազմել է 51 մլն դոլար՝ նախորդ տարվա մարտին 25 մլն-ի դիմաց, ապրիլին դոլարի հոսքը դեպի Հայաստան աճել է 3,5 անգամ, մայիսին՝ ավելի քան 5 անգամ։
«Բնականաբար այս մեծ ներհոսքը չէր կարող իր ազդեցությունը չունենալ դոլարի փոխարժեքի վրա։ Ավելին , փաստացի ստացվում է, որ այս տարվա երեք ամիսների ընթացքում ՝ մարտ-ապրիլ-մայիսին, Ռուսաստանից Հայաստան դոլարի զուտ ներհոսքը եղել է այնքան, որքան 2021թ-ի ընթացքում»,- ասաց տնտեսագետը։
Հարակից հրապարակումներ`
- Հայ արտահանողներն այսօր ավելի քան երբևէ մնացել են մենակ. Հռիփսիմե Ստամբուլյան
- Վերջին 20 տարում դոլարային գները Հայաստանում բարձրացել են 4 անգամ, ԱՊՀ-ում առաջինն ենք. Հրանտ Բագրատյան
- Անորոշությունը մեծ է. հայ գինեգործները միջազգային շուկան կորցնելու վտանգի առաջ են կանգնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին