Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան
Jnews-ի խմբագրությանն է դիմել ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Ըստ նրա և իր ներկայացրած փաստաթղթերի՝ ինքը չի կարող հատել Վրաստանի սահմանը և գալ ծննդավայր՝ Ախալքալաք, քանի որ Վրաստանում persona non grata է համարվում։
Ակադեմիկոս Մելքոնյանի ծննդավայր մուտքի արգելքի պատմությունը սկսվել է 2019 թվականին՝ «Կարծախի» անցակետից։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը խմբի հետ փորձել է Թուրքիայից Վրաստան մտնել, այնուհետև ճանապարհը շարունակել դեպի Հայաստան, սակայն սահմանապահները նրան մի փաստաթուղթ են ներկայացրել, համաձայն որի՝ նրա մուտքը Վրաստան համարվում է «աննպատակահարմար»:
«Առաջին անգամ այս արգելքը 2019 թվականին էր՝ հունիսի 6-ին, երբ «Կարծախի» մաքսակետով (ես մեկնում էի Կարսից) պետք է սահմանը հատեի։ Չթույլատրեցին: Մեզ հետ մեծ խումբ կար, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ: Որոշակի միջամտությունից հետո 2-3 ժամ հետո ներս թողեցին, բայց պայմանով, որ նույն օրը պետք է գնայի Հայաստան։ Այդ տարվա դեկտեմբերի վերջ եղբորս մահվան տարելիցն էր, ինձ թույլ տվեցին մուտք գործել, բայց որոշակի միջամտությունից հետո։ Հայաստան վերադարձա 2020 թվականի հունվարի 5-6-ին։ Դրանից հետո առանց որևէ բացատրության այլևս թույլ չտվեցին մուտք գործել Վրաստան»,-պատմում է Աշոտ Մելքոնյանը։
Ինչպես այն ժամանակ հայտնեցին Վրաստանի ՆԳՆ-ից, Աշոտ Մելքոնյանին թույլ չեն տվել Վրաստան մուտք գործել այն պատճառով, որ «նա չի տրամադրել կամ սխալ տեղեկություն է տրամադրել իր անձի և ճամփորդության պատճառների մասին»։ Սակայն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որ 2019 թվականի հունիսի 6-ին ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի Վրաստան մուտքի արգելքը տեխնիկական սխալի հետևանք է։
«Ես հայ-վրացական հարաբերություններում ոչ մի քաղաքական հարց չեմ շոշափել, բացի բարեկամության մասին խոսելուց, եթե դրանք նկատի ունեն, իմ 20 տարի առաջվա գիտական հետաքրքրություններն ի՞նչ կապ ունեն այսօրվա «պերսոնա նոն գրատա» հայտարարելու հետ։ Եթե այդպես լինի, ապա աշխարհում ոչ մի պատմաբան չի կարողանա մեկնել այլ երկրներ: Պատկերացրեք, որ մեր վրացի գործընկերներն անընդհատ գրում են Լոռվա մասին, որ Լոռին դարեր շարունակ եղել է Վրաստանի կազմում, և նրանք գալիս են Հայաստան, մասնակցում գիտաժողովների, վերադառնում: Հարավային Հայաստանում կան պատմական հուշարձաններ, որոնք քաղկեդոնական ուղղափառ եկեղեցիներ են, այցելում են դրանք և Հայաստանի կողմից որևէ արգելք չկա։ Եթե գիտությամբ զբաղվելը համարվում է մեղք, և դրա պատճառով ինձ 4 տարի է արգելում են մտնել ծննդավայր… Ես եղել եմ աշխարհի 41 երկրում, և ոչ մի երկիր որևէ խոչընդոտ չի ստեղծել ինձ համար»,-ասում է նա։
Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելող վերջին փաստաթուղթը
Նշենք, որ Աշոտ Մելքոնյանը նաև Ախալքալաքի պատվավոր քաղաքացի է։ Վերջինիս խոսքով՝ շատ ցավալի է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում իր հարազատներից ու մտերիմներից շատերը մահացել են, այդ թվում՝ նրա զարմիկը այս տարվա փետրվարի վերջին, և նա չի կարողացել մասնակցել հուղարկավորությանը։
«Գնացի, սահմանից ինձ հետ վերադարձրին, փաստաթղթում որպես հիմնավորում նշված է «վրացական օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»: Պարզ չէ, թե այդ դեպքերը որոնք են: Դրանից հետո Ակադեմիայի ղեկավարությունը ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի ստորագրությամբ նամակ է ուղարկել դեսպանություն (խմբ. Հայաստանում Վրաստանի դեսպանատուն), իմ անունից գրել եմ նաև, որ երկար տարիներ եղել եմ հայ-վրացական բարեկամության ջատագով, Վրաստանի նկատմամբ որևիցե նկտրումներ չեմ ունեցել, միայն գիտությամբ եմ զբաղվել, բայց դրանից հետո արգելքը շարունակվեց: Մի քանի անգամ ինձ հրավիրեցին Հայաստանի միգրացիոն ծառայություն և ասացին, որ կարծես թե այս արգելքն իմ վրայից հանվել է։ Բայց կյանքը ցույց տվեց, որ այդպես չէ։ Ինձ համար շատ ցավոտ է ծնողներիս, եղբորս շիրիմներին այցելելու հնարավորությունից զրկվելը, դա ինձ համար անձնական ողբերգություն է»,- ասում է Աշոտ Մելքոնյանը։
Ակադեմիկոսի խոսքով, հավանական է, որ բոլոր բարդությունները սկսվել են 2018 թվականին, երբ Ախալքալաքում միջպետական գիտաժողով էր կազմակերպվել։
«Կարծում եմ, որ սա ավելի ու ավելի շատ թյուրիմացության է նման, 2018թ.-ի սեպտեմբերին, երբ բարձր մակարդակով կազմակերպվեց հայ-վրացական գիտաժողով՝ նվիրված երկու հանրապետությունների հիմնադրման 100-ամյակին։ Վրաստանի կողմից եկել էին Թբիլիսիի պետական համալսարանի պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գիորգի Ճեիշվիլին և իր գործընկերները, Հայաստանի կողմից՝ մոտ մեկ տասնյակ պատմաբաններ: Ես չհասկացա, թե ինչու փոխվեց վերաբերմունքը, որն էր պատճառը, գուցե այս գիտաժողովը: Այդտեղ խոսվում էր միայն հայ-վրացական բարեկամության մասին, այս երկու ժողովուրդների անցած ճանապարհի և այլնի մասին, թե ինչպես 1918 թվականի մայիսի վերջին պատմական հնարավորությունը օգտագործելով Վրաստանն ու Հայաստանը ձեռք բերեցին իրենց պետական անկախությունը Ռուսական կայսրության փլուզման արդյունքում»,-ասում է Աշոտ Մելքոնյանը։
Ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար Jnews-ը զանգահարել է ՆԳՆ պարեկային ոստիկանության բաժին: Հենց այս պետական կառույցն է տվել «Վրաստանի պետական սահմանին վրացական վիզա տրամադրելուց հրաժարվելու կամ մուտքի հրաժարական տալու մասին» փաստաթուղթն Աշոտ Մելքոնյանին:
«Այս դեպքում ինքը կարող է հայտարարություն գրել ու ուղարկել, որ մանրամասները պարզի, թե ինչու կա արգելք: Դուք նույնպես կարող եք հայտարարություն գրել, եթե ունենաք լիազորագիր: Այս մասին տեղեկություն իմանալու այլ տարբերակ չկա»,-պատասխանել են ՆԳՆ Պարեկային ոստիկանության բաժնի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հարակից հրապարակումներ`
- Կարսի պայմանագիրը վավերցնելու մասին խոսակցությունները ծիծաղելի են, այսօրվա վիճակով այն չեղյալ հայտարարելն՝ առավել ևս. Աշոտ Մելքոնյան
- Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելված չէ
- Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները