Գրքի երևանյան փառատոնը հայտարարում է գրական մրցույթ
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին: Փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.
Արձակ
Պոեզիա
Դրամատուրգիա
Մանկապատանեկան գրականություն
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չեն կարող:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է առանձին գրքով հրատարակված չլինեն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։
Հաղթողները կստանան դրամական պարգև 300 000-ական դրամ (ներառյալ հարկերը):
Հայտի փաթեթը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի մասում նշելով կոնտակտային տվյալները, իսկ «թեմա» (subject) տողում՝ գրողի անունը և ազգանունը։
Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հաղթող գործերից հատվածներ են հրապարակվելու:
Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատելու է՝ հաշվի առնելով.
ժանրային իրացումը
լեզուն և ոճը
գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը
արդիականությունը
Մասնագիտական ժյուրիի կազմում են.
Գուրգեն Խանջյան
Հայկ Համբարձումյան
Սարգիս Հովսեփյան
Անուշ Ասլիբեկյան
Արտավազդ Եղիազարյան
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 20-ն է։
Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին՝ Գրքի երևանյան փառատոնի փակման արարողության ժամանակ, որի ընթացքում էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը: