44-օրյա պատերազմների մասնակիցների աշխատանքի տեղավորումը ոչ պետական համակարգում
«Նախագծով աջակցելու ենք որպեսզի պատերազմին մասնակից գործազուրկ անձինք կարողանան համալրել գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը»,-գործադիրի նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը
Ըստ նախարարի՝ ծրագրի առաջին բաղադրիչով մինչև 5 ամիս տևողությամբ շահառուի ուսուցում է իարականցվելու, երկրորդ բաղադրիչը գործատուի մոտ 3 ամիս տևողությամբ փորձաշրջան է նախատեսում, իսկ երրորդ բաղադրիչով գործատուն համարում է, որ ուսուցման և փորձաշրջանի կարիք չկա և պատերազմի մասնակցին միանգամից ընդունում է աշխատանքի:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին առաջարկվում է վճարել ուսման վարձի փոխհատուցում յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով, կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով նախատեսված նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ի չափով:
Նախարարի խոսքով՝ մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, որից հետո մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար առավելագույնը 50000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ հիմքում ընդունելով ներկա պահին հաշվարկված զուտ մեդիան աշխատավարձի չափը, որը կազմում է շուրջ 140000 դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ծրագրին կարող է մասնակցել թափուր աշխատատեղ ունեցող այն գործատուն, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, քանի որ նշված մարմինների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է թափուր աշխատատեղերի համալրման հատուկ ընթացակարգ և նշված ընթացակարգով այն համալրել հնարավոր չէ։
Հարակից հրապարակումներ`
- 3.1 մլդ դրամով մեկ անձից՝ «Տոյոտա Երևան» ընկերությունից, կգնվի 175 մեքենա 4 մարզի նոր պարեկային ծառայությունների համար
- Բարեփոխումներով նախատեսվում է, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը կստուգվի.Կարեն Անդրեասյան
- Կառավարությունն այսօր արտասահմանյան պատվիրակություններին ընդունելու համար բյուջեից լրացուցիչ 140 մլն դրամ կհատկացնի