Մասնավոր հատվածի համառության և հնարամտության շնորհիվ ունենք տնտեսական աճ. տնտեսագետ
Պետք չէ զարմանալ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում տնտեսական աճի առաջատարն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում տնտեսական ակտիվության 10,2% աճը օրինաչափ է և պետք չէ զարմանալ։ «Կոմպակտ տնտեսություն ունեցող երկրները տարածաշրջանային ինտեգրման միավորումներում, օրինակ՝ ԵԱՏՄ-ում, ավելի արագ են աճ արձանագրում։ Այդ երկրներում սահմանված արտոնությունների ազդեցությունն ավելի նկատելի է»,- ընդգծեց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանը նշեց, թեև Հայաստանում դրական տենդենցներ կան, բայց ԵԱՏՄ երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում կան խնդիրներ, ինչը չի կարող իր ազդեցություն թողնել ընդհանուր իրավիճակի վրա։ «Այնպես չէ, որ Հայաստանում տնտեսական վիճակը շատ լավ է, բայց շնորհիվ մասնավոր հատվածի համառության և հնարամտության, ունենք նման իրավիճակ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ տնտեսության աճը պայմանավորված է մի շարք գործոններով։ Ըստ նրա՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ-ից կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան էական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա։
Նրա ներկայացրած տվյալներով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո այլ երկրներից Հայաստան է ժամանել մոտ 140 հազար քաղաքացի, ինչը նման փոքր երկրի համար քիչ չէ։ «Թեկուզ ժամանակավոր, բայց բնակչության մեխանիկական աճ ենք ունեցել, ինչն իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա»,- ընդգծեց տնտեսագետը։
Մանասերյանը նշեց նաև, որ այսօր ծահեկան դիրքում են հատկապես ներմուծողները, ինչը պայմանավորված է դոլարի անկումով, բարձր գնաճով, որի արդյունքում ներկրողները գերշահույթ են ունենում։
Ըստ նրա՝ հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում առկա ակտիվությունը ևս ազդում է տնտեսական աճի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում