«Ժողովուրդ». Հերթական թերի օրենքը. ինչու վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում. պետությունը հերթական թերի օրենքն է մշակել: Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը վարորդների մի մասին գլխացավանքի մեջ է գցել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդները պատրաստակամորեն մեքենան կայան են հասցնում, բայց գազաբալոնների լցաճնշակայանները հրաժարվում են սպասարկել գործանարային բալոն ունեցող մեքենաներին:
«Ժողովուրդը» օրաթերթը գազաբալոնների լցաճնշակայաններից տեղեկացավ՝ պատճառն այն է, որ գործարանային բալոնների վրա փորձաքննության ենթարկելուց հետո նոր փականներ կամ այլ դետալներ դնելու խնդիր է առաջանում, քանի որ դրանք հատուկ արտադրության են:
Ու քանի որ լցաճնշակայաններում հիմնականում միատեսակ ու, այսպես ասած, ունիվերսալ դետալներ են կիրառվում, ապա գործարանային բալոնների համար լուծումներ գտնելը բարդ է, ավելի ճիշտ՝ անհնարին: Խնդրին Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են ու վստահեցնում են՝ առաջիկա օրերին նախարարությունն իր հարկի տակ կհավաքի վկայագիր տրամադրող բոլոր ընկերություններին՝ հասկանալու՝ հարցին ինչ լուծում տալ:
Նախարարության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանն է վստահեցնում. «Այո, նման խնդրի մենք էլ ենք ծանոթ ու այժմ մտածում ենք՝ ինչպիսի լուծումներ գտնել, ինչ անել: Առջիկա օրերին, կարծում եմ, լուծումներ կլինեն»:
Գազաբալոնների վկայագրման օրենքը, հիշեցնենք, օգոստոսի 1-ից է ուժի մեջ մտնում, ու համաձայն դրա` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել: Ստացվում է՝ պարտաճանաչ վարորդը, որի մեքենան գործարանային արտադրության գազաբալոն ունի, վաղը, մյուս օրը գազ լիցքավորել չի կարողանալու զուտ այն պատճառով, որ վկայագիր տրամադրող կայանները սպասրակելուց հրաժարվել են:
Եվ, փաստորեն, օրենքի թերի կարգավորումն ու դրա կիրառման հետ կապված խնդիրները ոչ միայն գլխացավանք են ստեղծելու վարորդների համար, այլ հավանական վեճերի պատճառ են դառնալու վարորդների ու գազալցակայանների աշխատակիցների միջև:
Սա իշխանությունների հերթական անկատար ու թերի օրենքն է, ինչը գործի դնելուց հետո մեկ էլ պարզվում է, որ այն քաղաքացիներին խառնաշփոթի մեջ է գցում ու վեճի առարկա դառնում դրա շահառու քաղաքացիների համար: Տարաբնույթ օրենքներ մշակող իշխանավորները, ինչքան էլ հավատացնեն, թե մարդու շահերից բխող նորմեր են բանեցնում, ճիշտ կանեն ամեն ինչ բոլոր կողմերից ուսումնասիրեն, ապա նոր միայն օրենքը մարդկանց վզին փաթաթեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա