Վրաստանում մեղադրանքներ են հնչեցրել երկրում առաքելությունն ավարտած ԵՄ դեսպանի հասցեին
ԵՄ դեսպան Կարլ Հարցելն ավարտել է իր քառամյա դիվանագիտական առաքելությունը Վրաստանում, այս մասին նա հայտարարել է հուլիսի 20-ին Վրաստանի քաղաքացիներին ուղղված իր տեսաուղերձում։ Նրա հեռանալուց հետո Վրաստանի քաղաքական վերնախավում քննարկումներ ծավալվեցին դեսպանի դերի մասին՝ երկիրը եվրաինտեգրման ճանապարհին առաջ տանելու գործում։ Գրում է jnews.ge-ն
Իշխանությունները Հարցելին մեղադրեցին իրենց պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, իսկ ընդդիմությունն իր հերթին այս խոսքերը համարեց իշխանության հերթական հակաեվրոպական հարձակումը։ Վրաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով շնորհակալություն են հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար։
Իշխանություն
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն բացահայտ քննադատել է Թբիլիսիում ԵՄ արդեն պաշտոնաթող դեսպան Կարլ Հարցելին։
«Այս ամբողջ ընթացքում տարբեր պատճառներով, այդ թվում այն, որ մենք դիմել ենք ԵՄ-ին և այլն, մենք խուսափում էինք մեկնաբանություններից, երբ նա [Կարլ Հարզելը] ԵՄ դեսպանն էր։ Բայց այսօր, երբ նա ավարտել է իր առաքելությունը, կարելի է հանգիստ ասել, որ, ցավոք, Կարլ Հարցելը միայն բացասական դեր է խաղացել Եվրամիության և Վրաստանի հարաբերություններում։ Սա շատ տխուր երևույթ է։ Մենք մեծ հույսեր ունենք, որ ապագա դեսպանն այլ կերպ կգործի»,- ասել է Կոբախիձեն։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Նիկոլոզ Սամխարաձեն իր հերթին Թբիլիսիի կողմից ԵՄ թեկնածուի կարգավիճակ չստանալու պատասխանատվությունը դրել է Վրաստանում ԵՄ պաշտոնաթող դեսպան Կարլ Հարզելի վրա: Նա, ըստ պատգամավորի, բավական լավ չի աշխատել այս ուղղությամբ:
«Գնահատելով պարոն Հարցելին՝ կարող եմ ասել, որ նա կարող էր ավելի լավ աշխատանք կատարել, որպեսզի Վրաստանը ստանար թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Սամխարաձեն։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը՝ հրաժարվելով երկրին թեկնածուի կարգավիճակ տալ, հնչեցրել է կոնկրետ առաջարկություններ, որոնք պետք է իրականացվեն Վրաստանի իշխանությունների կողմից: Խոսքը, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումների և ապաօլիգարխացման մասին է:
Ընդդիմություն
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատությունը Թբիլիսիից հեռացող ԵՄ դեսպան Կարլ Հարցելի հասցեին ռեզոնանս է առաջացրել երկրի քաղաքական շրջանակներում։ Իշխանությունների ընդդիմախոսներն այս խոսքերը որակել են իշխանության հերթական հակաեվրոպական հարձակում։
«Վրաստանն ուներ Կարլ Հարցելին ԵՄ դեսպանի պաշտոնում ունենալու առավելությունը: Նա շատ էր սիրում մեր երկիրը և հավատում էր մեր եվրատլանտյան ձգտումներին։ Ես հրաժեշտի հանդիպում ունեցա նրա հետ, որտեղ նա ինձ ասաց, որ կշարունակի աջակցել Վրաստանին այլ պաշտոնեական դիրքում և կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ խնդրելու գործընկեր քաղաքական գործիչներին, որպեսզի Վրաստանը միշտ ներառվի Եվրամիության քաղաքական օրակարգում։ Նման մարդու նկատմամբ նման հայտարարությունները՝ քաղաքական և մարդկային առումով, բացարձակապես անընդունելի են և շատ անարդար։ Կարլ Հարցելի աշխատանքի ընթացքում նրա անձի շնորհիվ մենք շատ լավ հնարավորություն ունեցանք առաջ անցնելու եվրաինտեգրման ճանապարհին, որից, ցավոք, չօգտվեցինք։
Նինո Լոմջարիա, Վրաստանի ՄԻՊ
«Իվանիշվիլիի անձնական շահերի պատճառով նրանք հարձակվում են ազատ աշխարհի վրա, ինչը զոհաբերում է երկրի շահերը։ Անկեղծ ասած, Խորհրդային Միության փլուզումից և մեր անկախության վերականգնումից ի վեր, ես չեմ հիշում նման մակարդակի հարձակումներ Արևմուտքի, ազատ աշխարհի և Վրաստանում տարբեր երկրների դեսպանների վրա։ Այս ամենը տեղի է ունենում մեկ անձի՝ Իվանիշվիլիի իշխանությունը պահպանելու համար՝ վնասելով Վրաստանի կենսական շահերը»։
Գիգա Բոկերիա, «Եվրոպական Վրաստան»
«Վրաստանի իշխող կուսակցությունը, հետևելով ԱՄՆ դեսպանին, հարձակվում է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի վրա, ով ավարտում է իր առաքելությունը։ Ես դատապարտում եմ Վրաստանի կառավարության կողմից դեսպանների նկատմամբ բուլինգը և դա համարում եմ հարձակում մեր ամենամերձավոր ռազմավարական դաշնակիցների վրա և բաց սպառնալիք մեր գործընկերների նկատմամբ»:
Գիորգի Գախարիա, «Հանուն Վրաստանի»
«Այսօր ԵՄ դեսպան Կարլ Հարցելը ավարտեց իր քառամյա դիվանագիտական առաքելությունը Վրաստանում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում դեսպանին Վրաստանին և նրա քաղաքացիներին աջակցելու համար, այն ջանքերի համար, որոնք, չնայած առկա բարդ իրավիճակին, կառավարության հակադեմոկրատական և հակաարևմտյան քաղաքականությանը, ուղղված են եղել Վրաստանում ժողովրդավարական գործընթացների և արժեքների պաշտպանությանը և մեր համաքաղաքացիների տնտեսական բարեկեցությանը նպաստելուն»։
Ոչ կառավարական հատված
Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները բաց նամակով դիմել են նաև ԵՄ դեսպան Կարլ Հարցելին: ՀԿ-ները շնորհակալություն են հայտնել նրան իր աշխատանքի և Վրաստանին աջակցելու համար։ Միաժամանակ հեղինակները դատապարտել են իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչների վերջին քննադատական հայտարարությունները՝ նշելով, որ նման հարձակումները վնասում են Վրաստանի ազգային շահերը։
«Պարոն Հարցել, Վրաստանի քաղաքացիական հասարակության անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ Վրաստանում երկար տարիների հաջող աշխատանքի և այն աջակցության համար, որը մեր երկիրը և քաղաքացիական հասարակությունը միշտ զգացել են Եվրոպական միությունից և անձամբ Ձեզանից: Վրաստանում Ձեր գտնվելու ժամանակահատվածը համընկավ ողբերգական ու պատմական իրադարձությունների հետ ինչպես Վրաստանում, այնպես էլ Ուկրաինայում։ Մենք գնահատում և երախտապարտ ենք այն աջակցության համար, որը մեր հայրենիքը միշտ ստացել է Վրաստանի հիմնական արտաքին քաղաքական նպատակին հասնելու համար՝ վերադառնալով եվրոպական ժողովուրդների ընտանիք և վերջ տալ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի ռուսական օկուպացիային»։
Նամակի հեղինակները նշում են, որ բարձր են գնահատում Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը, ինչպես նաև Կարլ Հարցելի մասնակցությունը բարեփոխումների իրականացմանը, որոնք երկիրը կսերտացնեն Եվրամիությանը և որոնք անհրաժեշտ են քաղաքացիների կյանքը բարելավելու համար։
ՀԿ-ները մեկնաբանել են նաև վրացական իշխանությունների կողմից ԵՄ դեսպանի վրա հարձակումները.
«Ուզում ենք ընդգծել, որ «Վրացական երազանքի» վերջին հակաեվրոպական և հակաամերիկյան հայտարարությունները, հարձակումները Վրաստանի ռազմավարական դաշնակիցների և բարեկամ երկրների դեսպանների վրա, երկրի արտաքին քաղաքականությունն ու շահերը ներքաղաքական խաղում օգտագործելու փորձերը վնասում են մեր երկրի ազգայինին շահերը և ուղղակի վտանգ են ներկայացնում մեր երկրի ապագայի համար»։
Համատեղ բաց նամակը ստորագրել են 23 ՀԿ-ներ։
Նշենք, որ Թբիլիսիում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնում շվեդ դիվանագետ Կարլ Հարցելի տեղը կզբաղեցնի լեհ Պավել Հերչինսկին։ Հարցելը Վրաստանում աշխատում էր 2018 թվականի սեպտեմբերից։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան Վրաստանից ավելի մեծ աջակցություն էր ակնկալում․ Կասյանով
- Վրաստանում ապօրինի ծառահատման տույժը 10 անգամ ավելացել է
- Վրաստանում թանկանում է ամուսնության գրանցումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները