Արտադրողների և մթերողների միջև արդեն կնքվել է շուրջ 97 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Կառավարության հաղորդմամբ, զեկուցվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրից շշալցված կոնյակի արտահանման ծավալները շարունաբար աճել են: Նման միտում է առկա նաև խաղողի գինու դեպքում: Վերջինիս սպառման ծավալներն աճում են նաև հանրապետության տարածքում:
Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել այս տարի ակնկալվող բերքի ծավալներին, մթերման գործընթացի կազմակերպմանը, գյուղացիական տնտեսությունների և ընկերությունների հետ տարվող աշխատանքների ընթացքին:
Նշվել է, որ արդեն իսկ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում արտադրողների և մթերողների միջև կնքվել է շուրջ 97 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր, գործընթացը կրում է շարունակական բնույթ:
Կարևորվել է հնարավոր խնդիրների լուծման ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանքների իրականացումը և կառավարության գործիքակազմերի շրջանակում մթերող ընկերություններին օժանդակության ցուցաբերումը՝ արտահանման ծավալների ավելացման նպատակով:
Այս առումով, ընդգծվել է, որ կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ արտահանման գործընթացում տուրքերի վճարների օպտիմալացման նախաձեռնությամբ:
Ն. Փաշինյանը կարևորել է մեր երկրից շշալցված կոնյակի և գինիների արտահանման ծավալների հետևողական ավելացումն ու նշել, որ գործադիրը շարունակելու է հարցը պահել ուշադրության կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան