Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Սոչիում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հուլիսի 25-ին ելույթ կունենա Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Համերգը կկայանա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Սպարտակ» բալետից, Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը և այլն։ Երեկոն կեզրափակվի Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումներով։ Նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Ելենա Տարոսյանը։
«Մենք ուրախ ենք «Սիրիուսում» հյուրընկալել արտասահմանյան արտիստների։ Դա նպաստում է պետությունների միջև կապերի ամրապնդմանն ու փոխադարձ մշակութային շփումներին։ Հայաստանն ինքնատիպ, հրաշալի երկիր է՝ աներևակայելի հարուստ մշակույթով, որտեղ արտացոլված են նրա հնագույն պատմությունն ու ավանդույթները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես այդ մշակույթի լավագույն կրող ու տարածող, կօգնի մեր ունկնդիրներին ծանոթանալու այդ յուրահատուկ երկրի հետ»,- նշել է «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրայը։
Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
«Ինձ համար կարևոր է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Սիրիուս» երաժշտական փառատոնի շրջանակում։ Հատկանշական է, որ Պյոտր Չայկովսկու ստեղծագործության հետ ներկայացնելու ենք նաև հայ մեծ կոմպոզիտորների գործերը՝ այդպիսով ամրապնդելով երկու երկրների բազմադարյա մշակութային բարեկամությունն ու նպաստելով Հայաստանից դուրս հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանը»,- ասել է Հարություն Արզումանյանը։
«Սիրիուս» կենտրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու երկրորդ անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին