Ստամբուլի «Քամփ Արմեն» հայկական որբանոցը կվերակառուցվի
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոց-ամառային ճամբարի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարվա հոկտեմբերին:
«Էրմենիհաբերը» հայտնում է, որ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն պատկանող ճամբարի տարածքում նախատեսվող լայնածավալ շինաշխատանքներին կաջակցի ամերիկահայ բողոքական եկեղեցիների միությունը:
Հաղորդվում է, որ ճամբարի տարածքում կառուցվելիք նոր համալիրն ունենալու է 100 երեխայի տեղավորելու հնարավորությամբ կացարան, մշակութային կենտրոն, ճեմասրահ, գրադարան, համընդհանուր սրահներ և լսարան:
«Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
1980թ-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը հնարավոր եղավ դադարեցնել: 175 օր տևած ցույցերից և հերթապահությունից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 27-ին, «Քամփ Արմենը» պաշտոնապես վերադարձվեց հայ համայնքին. ճամբարի սեփականության իրավունքը հանձնվեց Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:
2017-ին Ստամբուլի քաղաքային խորհուրդը հավանություն էր տվել ճամբարի վերակառուցմանը: 2021-ի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրն էլ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել էր, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում գտնվող հայկական «Քամփ Արմեն» ճամբարը կդառնա երիտասարդության կենտրոն
- «Քամփ Արմեն»-ում սկսվել են վերակառուցման աշխատանքները
- «Քամփ Արմեն»-ի համար պայքարող երիտասարդներն իրենց աջակցելու կոչ են արել
- Թուրքիայում հարձակվել են «Քամփ Արմեն» որբանոցի քանդման դեմ պայքարողների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան