Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ. Արագածոտնի մարզպետարան
168.am-ը գրել է.
«168.am-ի ընթերցողները քիչ առաջ տեղեկացրեցին, որ Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին:
Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ:
Ֆեյսբուքում շատերն են այս պահին ահազանգ հնչեցնում. մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ ոստիկանությունից:
Ոստիկանությունից որևէ տեղեկություն ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան։ Ոստիկանության պաշտոնյաները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։
Փորձեցինք այլ աղբյուրներից ևս պարզել` ինչ է տեղի ունեցել: Ըստ բնակիչներից մեկի` «Վիվառոյի» հիմնադիր Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներից մեկի հողատարածքում աշխատող և անասուններ արածեցնող հովիվները պատահաբար հատել են սահմանը, ինչի արդյունքում թուրքերի հետ իրավիճակը լարվել է:
Քիչ առաջ բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտից Թալին-Արագածավան խաչմերուկում ոստիկանները կանգնեցրել են բոլոր ավտոմեքենաները, ուղևորներին իջեցրել են ու մեքենաները խուզարկել:
Նշենք, որ «Հրապարակի» թղթակիցը կապ է հաստատել Թալինի համայնքապետի ԺՊ Տավրոս Սափեյանի հետ, ով տեղեկացրել է, թե հովիվները ցանկացել են լողալ Արաքս գետում, ռուս սահմանապահները նկատել են նրանց և հետ կանչել:
Ինչ վերաբերում է առևանգելուն կամ Թուրքիա տանելուն, համայնքապետը դա հերքել է»։
Այս հրապարակումից հետո Արագածոտնի մարզպետարանը հայտարարություն է տարածել.
«Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։
Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»։