Ինչո՞ւ Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը երկրորդ տեղը գրավեց
Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում անդրադարձել է 2022թ. Եվրոպայի C դիվիզիոնում փոխչեմպիոն դառնալուն և կիսվել իր տպավորություններով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
«Առաջին հերթին նշեմ՝ լավ արդյունքի համար ներդրել էինք մեր առավելագույն ուժերը: Բոլորը մեզանից ոսկե մեդալներ էին ակնկալում, բայց այս տարի մեզ դա չհաջողվեց: Կարճ ժամանակահատվածում կարողացանք ընտրված կազմի խաղային մակարդակը բարձրացնել և լավ արդյունք գրանցել, ինչի շնորհիվ նվաճած արծաթե մեդալները հավասարեցնում եմ ոսկուն:
Մինչև առաջնության մեկնարկը արդեն իսկ ուսումնասիրել էինք մրցակիցներին, միայն Կիպրոսի հավաքականի խաղի մասին շատ տեղեկատվություն չունեինք, և հենց այդ թիմի հետ խաղերում պարտվեցինք: Մինչև կիպրական թիմի հետ հանդիպումը մեր խաղի պատկերը լրիվ այլ էր: Մյուս հավաքականներւ հետ թիմային էինք գործում, իսկ Կիպրոսի հետ հանդիպումներում գերակշռում էին մեր անհատական գործողությունները: Նաև հաշվի առնենք, որ Կիպրոսը խմբային փուլում առաջին հորիզոնականը զբաղեցրեց և մեկ օր հանգստի հնարավորություն ունեցավ՝ ի տարբերություն մեզ: Կարծում եմ՝ եզրափակիչ խաղում հոգնածությունը նույնպես իր դերն ունեցավ:
Մեր աղջիկները երեք միավորանոց նետումներով ուղղակի փայլում էին և տպավորվել էին շատերի մոտ: Հատկապես կարևորում եմ, որ այս ընթացքում լավ և միասնական թիմ ձևավորեցինք ու պատվով ներկայացրինք Հայաստանը:
Առաջնության լավագույն խաղացող ճանաչվեց Սեդա Գաբրիելյանը, և մեր կազմից երկու խաղացող ընդգրկվեց առաջնության լավագույն խաղացողների հնգյակում: Անխոս, հրաշալի արդյունք է:
Այժմ առաջ նայելու և հետևություններ անելու ժամանակն է: Կանանց բասկետբոլի զարգացման ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն շարունակական, քանի որ մենք ունենք բոլոր հնարավորությունները լավ հանդես գալու և Հայաստանի պատիվը բարձր պահելու միջազգային ասպարեզում »,-ասաց Արեգ Վաթյանը:
Հիշեցնենք, որ Ալբանիայում կայացած կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոն եզրափակիչ խաղում Հայաստանի թիմը պարտվեց Կիպրոսին՝ ըստ այդմ դառնալով առաջնության փոխչեմպիոն: