Աբեի մարդասպանին կալանավորել են
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մարդասպանը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, Նառայի շրջանային դատարանի որոշմամբ կալանավորվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է Kyodo գործակալությունը։
Սպասվում է, որ դատավարությունը կտևի մինչև նոյեմբերի վերջ։ Դատարանը մտադիր է պարզել՝ արդյոք Յամագամին ի վիճակի է քրեական պատասխանատվություն կրելու և՝ որքանով։ Նրան նշանակել են հոգեբուժական փորձաքննություն։
Ոստիկանությունը մտադիր է զննել ատրճանակները, որոնք ինքն է պատրաստել և անցկացնել բալիստիկ փորձաքննություն։ Տղամարդուն կարող են մեղադրանք առաջադրել հրազենի և դրանց արտադրության մասին օրենքները խախտելու համար։ Ընդհանուր առմամբ, Աբեի մարդասպանի տանը յոթ ինքնաշեն ատրճանակ է հայտնաբերվել։
Աբեն հարձակման էր ենթարկվել հուլիսի 8-ին, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Յամագամին ինքնաշեն զենքից երկու անգամ կրակել է նախկին վարչապետի վրա։ Աբեն հիվանդանոց է տեղափոխվել փրկարարական ուղղաթիռով։ Բժիշկները նրան արյուն են փոխներարկել ու մի քանի ժամ պայքարել նրա կյանքի համար, սակայն նախկին վարչապետին փրկել չի հաջողվել։ Աբեն 67 տարեկան էր։
Հարցաքննումների ժամանակ Յամագամին պնդել է, որ ինքը մահափորձ է կատարել, քանի որ նախկին վարչապետին դասել է «Միասնական եկեղեցի» կրոնական կազմակերպության անդամ։ Ճապոնացին ընտանիքի ֆինանսական խնդիրների մեջ մեղադրում է այս կառույցին, որի հետևորդներից էր նրա մայրը։ Ամբաստանյալի մայրը ավելի քան 100 միլիոն իեն (ընթացիկ փոխարժեքով ավելի քան 720 հազար դոլար) նվիրաբերել էր Միասնական եկեղեցուն:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է
- Ճապոնիայի նախկին վարչապետին կրակած տղամարդը բացատրել է իր արարքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին