Վարդավառով պայմանավորված ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերի առավել բանուկ ճանապարհահատվածներում, հատկապես՝ Երևան-Սևան ճանապարհահատվածում, իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Այս մասին հայտարարել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ
Եգոր Կարապետյանը։
«Հորդորում եմ տրանսպորտային միջոցներ վարելուց և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: Առավելապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող անձինք, որոնց նկատմամբ չի դրսևորվելու ներողամտություն: Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ:
Հարգելի՛ քաղաքացիներ, որպեսզի չխաթարվի օրվա տոնական տրամադրությունը, հորդորում եմ համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին:
Շնորհավորում եմ Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ և մաղթում անվտանգ երթևեկություն»,- նշված է Ե. Կարապետյանի հայտարարության մեջ։
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Վարդավառի առթիվ Պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները հուլիսի 24-ին անցնելու են ուժեղացված ծառայության։
Հորդորում ենք խստորեն պահպանել ոչ միայն ճանապարհային երթևեկության, այլև համակեցության կանոնները։ Պարեկները հետևողականորեն արձագանքելու են հասարակական կարգի ցանկացած խախտման։
Կոչ ենք անում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ, որպեսզի տոնական օրն անցնի առանց միջադեպերի և իր խորհրդին համահունչ։ Այս գործում կարևոր է յուրաքանչյուրիս իրավագիտակից ու իրավահարգ վարքագիծը։
Պարեկային ծառայությունը կանխավ շնորհավորում է Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ ու մաղթում անվտանգ և առանց միջադեպերի օր»։