Արցախի ԱԺ նախագահի՝ ՀՀ ընդդիմադիր պատգամավորների խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունը ՀՀ ԱԺ ընդդիմադիր ուժերը չեն հաստատել
ՀՀ ԱԺ լրատվության և հանրության կապերի բաժինը տեղեկացնում է, որ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հուլիսի 23-ի ուղերձում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունը ՀՀ ԱԺ ընդդիմադիր ուժերը չեն հաստատել։
«Սակայն հայտնում ենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի բոլոր խորհրդարանական ուժերի Արցախ գալու հրավերը ուժի մեջ է»,- հայտնում են Արցախ ԱԺ լրատվության և հանրության կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանականներին, որում մասնավորապես ասվում է․
«Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։
Արցախի Հանրապետությունում ներքաղաքական, կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները։
Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ,որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։
Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»։